Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիեւը Բաքու Եվրախորհրդարանի պատվիրակության այցն օգտագործել է հակահայ քարոզչության համար

Ալիեւը Բաքու Եվրախորհրդարանի պատվիրակության այցն օգտագործել է հակահայ քարոզչության համար
Աշխարհ
15:36, 19 июль 2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքու Եվրախորհրդարանի պատվիրակության այցն օգտագործել է հակահայ քարոզչության համար։ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունը հրապարակվել է ԶԼՄ-ներում։ Թե ինչ են պատասխանել եվրախորհրդարանականները՝ չի տեղեկացվել։

Հակահայ քարոզչությունից բացի՝ Ալիեւը, խախտելով կովկասյան հյուրընկալության բոլոր կանոնները, հանդիպումն օգտագործել է վիրավորանքն ու իր հանդիմանանքն արտահայտելու համար։ «Եվրախորհրդարանի պատվիրակությունը երկար ժամանակ չի այցելել Ադրբեջան։ Հիշում եմ, որ Եվրախորհրդարանի պատվիրակությունը վերջին անգամ եկել է 2018թ. վերջին։ Անկեղծ ասած, ես անգամ մի փոքր զարմացա, երբ լսեցի, որ դուք նախատեսում եք այցելել Ադրբեջան։ Գուցե պատճառը ձեզ հայտնի է»,- ասել է Ալիեւը պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, որը գլխավորում է Եվրախորհրդարանի միջազգային կապերի կոմիտեի նախագահ Դեւիդ Մաքալիստերը։ «Հիշում եմ այն հանդիպումը, որտեղ մենք լայնորեն քննարկեցինք համագործակցության զարգացումը։ Բայց, ցավոք, դա տեղի չունեցավ։ Պատճառը մենք չէինք, այլ Եվրախորհրդարանի որոշ անդամների դիրքորոշումը։ Մենք այդ դիրքորոշումը համարում ենք միանգամայն չհիմնավորված։ Մեր դեմ հնչել են մեղադրանքներ, վիրավորանքներ, եւ տարածվել է կեղծ տեղեկատվություն։ Ես արդեն չեմ հիշում հակաադրբեջանական բանաձեւերի թվաքանակի մասին, որոնք ընդունվել են Եվրախորհրդարանի կողմից տարբեր ժամանակներում։ Գուցե խոսքը ավելի քան 10 բանաձեւի մասին է»,- հանդիմանել է Ալիեւը։

Թվարկելով բոլոր հավակնություններն Արցախի, Հայաստանի եւ առհասարակ հայերի հանդեպ՝ Ալիեւը փորձել է հյուրերին համոզել, որ հայերը «Ադրբեջանին մեղադրում են այնպիսի արարքներում, որոնք մենք երբեք չենք կատարել։ Ցավոք, դա տեղի է ունեցել»։

Ըստ էության, Ալիեւն ուղղակի եվրախորհրդարանականներին հայտարարել է, որ նրանց ողջ աշխատանքը ոչինչ չարժե. «Ես գիտեմ, որ ձեր պատվիրակության շատ անդամներ քվեարկել են այս բանաձեւի օգտին։ Իսկ դա հակաարդյունավետ քայլ է։ Նախ՝ դա սուտ է, հիմնված մտացածին փաստերի եւ զրպարտության վրա։ Երկրորդ՝ դա մեծ նշանակություն չունի։ Որովհետեւ դուք, հավանաբար, գիտեք, որ Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները լավ պատմություն ունեն, եւ մասնավորապես՝ ներկայում այդ կապերը զարգանում են շատ հաջող։ Դուք, հավանաբար, գիտեք Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի երեկվա այցի մասին։ Մենք շատ լավ բանակցություններ ենք ունեցել, եւ դա մեկ անգամ եւս ընդգծում է Ադրբեջանի եւ Եվրամիության միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը։ Միեւնույն ժամանակ, Եվրոպական Միության Խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գորընթացում։ Նա արդեն երեք եռակողմ հանդիպում է ունեցել՝ երկու կողմերի ղեկավարների մասնակցությամբ եւ առանձին-առանձին։ Բայց, հաշվի առնելով այս ամենը, մենք չենք հասկանում Եվրախորհրդարանի գործողությունները։ Իրականում Եվրախորհրդարանն ավելի ագրեսիվ է Ադրբեջանի հանդեպ, քան Հայաստանի խորհրդարանը։ Երբեմն թվում է, թե այդ բանաձեւերն ընդունվում են Հայաստանի խորհրդարանի կողմից կամ, գուցե, հայկական որոշ լոբբիստական խմբեր նրանց վրա որոշակի ազդեցություն ունեն։ Հակառակ դեպքում դա շատ դժվար է բացատրել։ Երբ ես ասացի, որ զարմացած եմ, նկատի ունեի հենց դա»։

Իլհամ Ալիեւը «պատմել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի  այցելության կարեւորության մասին եւ դրական է գնահատել այցի արդյունքները։ Նախագահ Իլհամ Ալիեւն ընդգծել է, որ այցի ընթացքում ստորագրվել է Փոխըմբռնման եւ էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերության հուշագիր»։

Ամփոփելով՝ Ալիեւը Հայաստանին մեղադրել է 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության շրջանակում տանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։