Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթյուն Ղրիմի ռազմական օդակայանում

Պայթյուն Ղրիմի ռազմական օդակայանում
Աշխարհ
18:16, 09 август 2022
Ղրիմի արևմտյան ափին որոտացել է մի քանի պայթյուն, հայտնել է տարածաշրջանի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը։

«Առայժմ ես կարող եմ հաստատել միայն Նովոֆեդորովկայի շրջանում մի քանի պայթյունների փաստը: Բոլորին խնդրում եմ սպասել պաշտոնական հաղորդագրությունների և վարկածներ չհորինել»,- գրել է նա Telegram-ալիքում:

Դեպքի վայր է մեկնել հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։.

Նովոֆեդորովկայի շրջանում են գտնվում զորամասն ու ռազմական օդակայանը։

Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Սակիի շրջանի միասնական հերթապահ դիսպետչերական ծառայությունից, դեպքի վայր են ժամանել բոլոր ծառայությունները։
«Բժիշկներն այնտեղ են, ԱԻՆ-ն այնտեղ է, բոլոր ծառայություններն այնտեղ են: Տեղում աշխատում են Սակիի շրջանի և Նովոֆեդորովկայի բժիշկները»,- հավելել է ծառայությունը։

Սոցցանցերում տարածվել են ծխի ամպերի լուսանկարներ և տեսանյութեր։ Արտակարգ դեպքի փաստը հաստատել են նաև հանգստացողները։

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հանգստյան գոտուց հեռու, զբոսաշրջիկների շրջանում ոչ ոք չի տուժել։