Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պայթած մեքենայում պետք է լիներ նաև հայրը՝ Ալեքսանդր Դուգինը. Մանրամասներ Դարյա Դուգինայի սպանությունից

Պայթած մեքենայում պետք է լիներ նաև հայրը՝ Ալեքսանդր Դուգինը. Մանրամասներ Դարյա Դուգինայի սպանությունից
Աշխարհ
10:19, 22 август 2022
«Ռուսական աշխարհի գաղափարախոս» համարվող ռուս փիլիսոփա Ալեքսանդր Դուգինի դստեր մեքենան պայթել է մերձմոսկովյան մայրուղում։ Կինը տեղում մահացել է:Ականատեսների խոսքով՝ մեքենայում պետք է լիներ նաև ինքը՝ Դուգինը, սակայն վերջին պահին նա տեղափոխվել է այլ մեքենա։ Դուգինի մեքենան ընթացել է դստեր մեքենայի հետևից, և նա առաջիններից մեկն է եղել, ով հայտնվել է մեքենայի պայթյունի վայրում, որում եղել է իր դուստրը։

Ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Մոժայսկ մայրուղու վրա՝ Բոլշիե Վյազեմի գյուղի մոտ՝ Մոսկվայի օղակաձև ճանապարհից մոտ 25 կիլոմետր հեռավորության վրա։

Land Cruiser Prado մեքենան, որի ղեկին եղել է 29-ամյա Դարյա Դուգինան, պայթել է ընթացքի ժամանակ, մխրճվել է ցանկապատի մեջ և հրկիզվել։ Դարյան տեղում մահացել է, ամենագնացի բեկորները ցրվել են ճանապարհով մեկ։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը կիրակի օրը հայտարարել է, որ Դարյա Դուգինայի սպանությունը նախապես ծրագրված ու պատվիրված է եղել։ Հետաքննությունը պարզել է, որ պայթուցիկ սարքը ամրացված է եղել մեքենայի հատակին՝ վարորդի նստատեղի տակ։  

Տարբեր հանրային դեմքեր և սոցցանցերի օգտատերեր դեպքից անմիջապես հետո ենթադրել են, որ մահափորձի թիրախը կարող էր լինել հենց ինքը՝ Ալեքսանդր Դուգինը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության վերաբերյալ։

Ալեքսանդր Դուգինը և նրա դուստրը որպես պատվավոր հյուրեր հրավիրված են եղել «Ավանդույթ» փառատոնին մերձմոսկյան Զախարովո կալվածքում, որտեղ փիլիսոփան հանդես է եկել դասախոսությամբ։ 

Ինչպես գրել է «112» Telegram-ալիքը, հենց այնտեղ՝ կալվածքի մոտ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենայում կարող էր տեղադրված լինել պայթուցիկ սարք։