Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ուկրաինան պետք է հաղթի, և Ուկրաինան կհաղթի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ

«Ուկրաինան պետք է հաղթի, և Ուկրաինան կհաղթի». ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորել է Ուկրաինային Անկախության օրվա առթիվ
Աշխարհ
14:32, 24 август 2022
ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային այնքան, որքան դա անհրաժեշտ է, վստահեցրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ուկրաինացիներին շնորհավորելով իրենց երկրի Անկախության օրվա առթիվ։

Ռուսաստանը չի կարող հաղթել Ուկրաինայի դեմ պատերազմում, վստահ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ «Ուկրաինան պետք է հաղթի, և Ուկրաինան կհաղթի», - հայտարարել է Ստոլտենբերգը չորեքշաբթի՝ օգոստոսի 24-ին, հղված ուղերձում՝ նվիրված Ուկրաինայի Անկախության օրվան։ 

«Ուժեղ և անկախ Ուկրաինան վճռորոշ նշանակություն ունի եվրաատլանտյան տարածաշրջանի կայունության համար»,- այնուհետև նշել է Ստոլտենբերգը։ Միևնույն ժամանակ, արդեն կես տարի շարունակվող ռուսական ներխուժումն այս երկիր «եվրոպական անվտանգության համար ամենալուրջ ճգնաժամն է Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր», վստահ է նա։

Ազգային տոնի օրը Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը Ուկրաինային մաղթել է «ուժ ու հաջողություն»։ Ուկրաինայի զինված ուժերը և ողջ ուկրաինացի ժողովուրդը ցուցաբերում են վիթխարի արիություն և վճռականություն՝ պաշտպանելու իրենց երկիրը, և իրենց օրինակով ոգեշնչում են ողջ աշխարհին, հավելել է նա։