Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք կաջակցենք ձեզ՝ այժմ և միշտ». Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Ուկրաինային Անկախության օրվա առթիվ

«Մենք կաջակցենք ձեզ՝ այժմ և միշտ». Համաշխարհային առաջնորդները շնորհավորել են Ուկրաինային Անկախության օրվա առթիվ
Աշխարհ
17:20, 24 август 2022
Ի պատիվ Ուկրաինայի Անկախության 31-րդ տարեդարձի Դաունինգ սթրիթում Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրի մուտքը զարդարվել է դեղին և կապույտ գույների ծաղկային կամարով։ Դեղին հատվածը կազմված է արևածաղիկներից, որոնք համարվում են Ուկրաինայի ազգային խորհրդանիշներից մեկը։

«Միացյալ Թագավորությունը կշարունակի աջակցել իր ուկրաինացի բարեկամներին այժմ և ապագայում»,- գրել է Բորիս Ջոնսոնը Twitter-ում շնորհավորական ուղերձում: Նա վստահեցրել է, որ Բրիտանիան կշարունակի Ուկրաինային տրամադրել ցանկացած անհրաժեշտ մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնություն։ 

 Համաշխարհային շատ առաջնորդներ նույնպես շնորհավորել են Ուկրաինային Անկախության օրվա առթիվ։

 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ Եվրոպան մտադիր է մնալ Ուկրաինայի դաշնակիցը երկարաժամկետ հեռանկարում։

«ԵՄ-ն երբեք չի դադարի պաշտպանել Ուկրաինայի անկախությունը և նրա խիզախ պայքարը ընդդեմ ռուսական անօրինական ագրեսիայի»,- գրում է եվրոպական քաղաքականության մեկ այլ առաջնորդ՝ Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան։
Գերմանիայի սիրտը ուկրաինացի ժողովրդի հետ է, որին բաժին է ընկել տոնել իր ազգային տոնը նման սարսափելի հանգամանքներում, ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ուկրաինային հղված ուղերձում։

Կիևին իրենց շնորհավորանքներն ու բարեկամության հավաստիացումներն են հղել նաև Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Մոլդովայի նախագահները և Լեհաստանի ու Թուրքիայի արտաքին գործերի նախարարները։

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն հայտարարել է, որ Ուկրաինային աջակցությունը երկրի իշխանությունների կողմից մնում է անսասան։ Կանբերայում վստահ են, որ միջազգային իրավունքը պետք է գերակայի բոլոր ազգերի ինքնիշխանությունը պահպանելու համար։

Ինչպես արդեն հայտնել ենք, Ուկրաինային Անկախության օրվա առթիվ շնորհավորել է նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ընդգծել, որ դաշինքը կօգնի Ուկրաինային այնքան, որքան պահանջվի: