Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային ՌԴ-ին հարվածելու համար

Գերմանիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային ՌԴ-ին հարվածելու համար
Աշխարհ
11:04, 26 август 2022
Գերմանիայի իշխանությունները չեն պատրաստվում Ուկրաինային զենք մատակարարել, որը կարող է օգտագործվել ռուսական տարածքին հարվածելու համար, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, փոխանցում է T-Online-ը։ Նրա խոսքով՝ Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու հարցում նման քաղաքականություն է որդեգրում ոչ միայն Բեռլինը, այլև Վաշինգտոնը։

 «Ես կարծում եմ, որ այս սկզբունքին (Ուկրաինային զենքի մատակարարումից հրաժարում՝ Ռուսաստանի Դաշնությանը հարվածներ հասցնելու համար) պետք է հետևեն մնացած բոլորը։ Մենք չենք սկսի միայնակ գործել և միշտ առաջնորդվելու ենք նրանով, թե ինչ անում են մեր դաշնակիցները»,- հավելել է Շոլցը։

Ինչպես նշել է Գերմանիայի կանցլերը, առաջիկա ռազմական օգնության փաթեթի շրջանակներում Բեռլինը Կիև կուղարկի համազարկային կրակի մի շարք հրթիռային համակարգեր, տանկ և ռադիոտեղորոշիչ սարք։ Շոլցը նաև ընդգծել է, որ Գերմանիան «խելամիտ և շրջահայաց» կմոտենա Ուկրաինային աջակցության հարցում՝ հակամարտության էսկալացիայից խուսափելու համար։