Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը ԱԹՍ-ների առաջին խմբաքանակն է ստացել Իրանից. NYT

Ռուսաստանը ԱԹՍ-ների առաջին խմբաքանակն է ստացել Իրանից. NYT
Աշխարհ
11:21, 30 август 2022
Ռուսաստան է ժամանել անօդաչուների առաջին խմբաքանակը Իրանից: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով «ԱՄՆ պաշտոնատար անձանց և դաշնակիցներին»։

 Պարբերականի տվյալներով՝ ռուսական բեռնատար ինքնաթիռները՝ անօդաչուներով, Թեհրանից թռչել են օգոստոսի 19-ին։ Սարքերը երկու տեսակի են, որոնք կարող են զինամթերք տեղափոխել՝ ենթադրաբար նախատեսված «Ուկրաինայի դեմ օգտագործելու համար»։

 Հուլիսի վերջին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ՌԴ ՊՆ-ի կողմից իրանական ռազմական անօդաչուներ գնելու նշաններ ԱՄՆ-ում չեն նկատել։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները ենթադրում են, որ Իրանը ծրագրում է արագացված կարգով Ռուսաստանին փոխանցել մինչև մի քանի հարյուր ԱԹՍ, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կարող են զենք կրել։ Նրա խոսքով՝ իրանցի մասնագետները նաև կսովորեցնեն ռուս զինվորականներին օգտագործել իրենց ԱԹՍ-ները։ 

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Նասեր Քանաանին իր հերթին հերքել է ռուսական կողմին անօդաչու թռչող սարքերի հնարավոր փոխանցման մասին տեղեկատվությունը։ Դիվանագետը նաև հավելել է, որ Իրանի դիրքորոշումն Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ է և բազմիցս հնչեցվել է։

 Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան վերլուծական ինստիտուտը (ISW), հղում անելով հետախուզության տվյալներին, հայտնել է, որ Իրանը կարող է Ռուսաստանին մատակարարել հարվածային անօդաչուների խմբաքանակ՝ Սու-35 կործանիչների դիմաց։ 
Նշվում է, որ Թեհրանը, իբր, օդաչուներ և տեխնիկական սպասարկման անձնակազմ է ուղարկել՝ վերապատրաստվելու ռուսական Սու-35-երի հետ աշխատելու համար։ Նման գործողությունները կարող են լինել հուլիսի վերջին կողմերի միջև ստորագրված համաձայնագրի մի մասը, ըստ որի՝ Իրանը կործանիչներ է ստանում դրոնների դիմաց։