Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը հռչակագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին

Իրանը, Ռուսաստանը և Ադրբեջանը հռչակագիր են ստորագրել Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մասին
Աշխարհ
14:03, 09 сентябрь 2022
Այսօր Բաքվում Ադրբեջանի, Ռուսաստանի և Իրանի պաշտոնյաների մասնակցությամբ տեղի է ունեցել համատեղ միջոցառում՝ նվիրված Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման հեռանկարներին։

Այս մասին հայտարարություններ են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները:

Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի միջև տրանսպորտային միջանցքի զարգացմանն առնչվող առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով միջոցառմանը ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։

Նշվում է, որ հռչակագիրը ստորագրել են Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմին և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

Հռչակագրի համաձայն՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել համագործակցել ենթակառուցվածքների և տրանսպորտային հնարավորությունների գնահատման և վերլուծության ոլորտում՝ միջանցքի լիարժեք օգտագործման համար։

Բացի այդ, կողմերը հայտարարել են մեկ ամսվա ընթացքում Ռեշտ-Աստարա երկաթուղու նախագծի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ պատրաստելու և մինչև 2022 թվականի վերջ բանակցությունները սկսելու մտադրության մասին։