Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Կասկած չունեմ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է հաստատվեն». Բլինկեն

«Կասկած չունեմ՝ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է հաստատվեն». Բլինկեն
Աշխարհ
18:11, 09 сентябрь 2022
Ուկրաինայից է կախված, թե ինչպես կավարտվի նրա պատերազմը Ռուսաստանի հետ, ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքները «պետք է վերադարձվեն Ուկրաինային», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Դա պետք է որոշի նախագահ Զելենսկին՝ Ուկրաինայի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդը», - ասել է Բլինկենը լրագրողներին Ուկրաինա այցելելուց հետո Բրյուսելի ճանապարհին։ 

«Նրանք պետք է որոշեն, թե ինչ պայմաններով են ցանկանում համագործակցել և զբաղվել դիվանագիտությամբ,- շարունակել է Բլինկենը:- Նախագահ Զելենսկին շատ հստակ հայտարարել է, որ երբ սա ավարտվի, այն կավարտվի դիվանագիտությամբ, սակայն լուրջ դիվանագիտության համար անհրաժեշտ են երկուսը։ Իսկ այս երկուսից մեկը չկա, և չկան նշաններ, որ նա կհայտնվի. խոսքը Ռուսաստանի մասին է»։ 

Բլինկենը հավելել է, որ առայժմ Ռուսաստանը չի ցուցադրել դիվանագիտական աշխատանքին ներգրավվելու իր մտադրությունների լրջությունը։ «Ռուսաստանը տարածքներ է գրավել Ուկրաինայի հարավում և արևելքում։ Դա Ուկրաինա է, դա Ռուսաստան չէ,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը։- Եվ ի վերջո, այդ տարածքները պետք է վերադարձվեն Ուկրաինային։ Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը պետք է հաստատվեն: Ես այս հարցում կասկած չունեմ»։

Բլինկենի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փորձում է «իրագործել իր համոզմունքը, որ Ուկրաինան ինքնուրույն երկիր չէ և պատկանում է Ռուսաստանին»։ «Այդ խաղն արդեն ավարտված է։ Պուտինն այդտեղ պարտվել է»,- ասել է Բլինկենը։