Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր. ՄԱԿ-ի ԱԽ նախագահ

Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրքեր. ՄԱԿ-ի ԱԽ նախագահ
Աշխարհ
21:08, 15 сентябрь 2022
Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից դեպի ելման դիրքեր: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ժամանակ հայտարարեց Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, Անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլա դե Ռիվիերը՝ ընդգծելով, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի:

«Ֆրանսիան մտահոգված է գործողություններով, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանին: ՀՀ տարածքում մի քանի վայրեր կրակի են մատնվել, քաղաքացիական ենթակառուցվածքներ են վնասվել: Սրանք ամենաուժեղ մարտերն են 2020 թվականից ի վեր: Ֆրանսիան իր գործընկերների հետ փորձում է խրախուսել հարգել հրադադարը: Մակրոնը խոսել է Փաշինյանի և Ալիևի հետ: 2020 -ի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարության դրույթները պետք է պահպանվեն: Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հետ քաշել իր զորքերը ելման դիրք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Կողմերը պետք է քննարկեն դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերը, ինչպես նաև որոշ ուժերի կողմից բռնության դեպքերի կանխումը: Ֆրանսիան կշարունակի աջակցել տարածաշրջանում տևական խաղաղության հասնելուն», - իր խոսքում նշեց Ֆրանսիայի ներկայացուցիչը:


Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է անցկացնում Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի առնչությամբ:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 13-ի գիշերը հարձակման էին անցել հայ-ադրբեջանական սահմանի մի շարք ուղղություններով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի էր ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում որոշում էր կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: