Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրկին հրետակոծություններ Ղրղզստան-Տաջիկստան սահմանին

Կրկին հրետակոծություններ Ղրղզստան-Տաջիկստան սահմանին
Աշխարհ
14:58, 16 сентябрь 2022
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին վերսկսվել են հրետակոծությունները, կողմերը միմյանց են մեղադրում սադրանքների մեջ։ Մոսկվայի ժամանակով ժամը 7:00-ի դրությամբ ձեռք էր բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն, սակայն երկու կողմերն էլ խախտել են այն։ Դուշանբեն պնդում է, որ Բիշքեկն է հրաժարվում խաղաղ բանակցություններից։ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հայտարարում է, որ Տաջիկստանը ռազմական տեխնիկա է տեղակայում սահմանին, հակամարտության գոտում։ Սահմանամերձ ղրղզական բնակավայրերից տարհանում են խաղաղ բնակիչներին։

Տաջիկստանի զինծառայողները վաղ առավոտից սկսել են գնդակոծել Բատկենի մարզի սահմանամերձ շրջանները, հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։ Տաջիկստանի սահմանապահ ծառայությունն իր հերթին հայտարարել է, որ ղրղզ սահմանապահները գրոհել են Գաֆուրովի շրջանի մի շարք բնակավայրեր և «Դուշանբե» սահմանային հենակետը։

Առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ (Մոսկվայի ժամանակով՝ 7։00-ին) ղրղզական կողմից տուժել է 11 մարդ։ Բատկենի մարզի բոլոր առողջապահական կազմակերպությունները բերվել են աշխատանքի ուժեղացված ռեժիմի։ Ժամը 12:00-ի դրությամբ ռազմական բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի, հայտնել է Ղրղզստանի առողջապահության նախարարությունը։

Սահմանամերձ Վորուխի բնակիչների շրջանում Asia Plus-ի աղբյուրները հայտնում են, որ հրետակոծության ժամանակ զոհվել է տաջիկ մեկ սահմանապահ, մի քանիսը վնասվածքներով հոսպիտալացվել են, կան տուժածներ նաև խաղաղ բնակչության շրջանում։ Տաջիկստանի կողմից զոհվածների ու վիրավորների մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։