Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում ցույցերի ժամանակ մարդիկ են սպանվել․ «Ոչ պարտադիր հիջաբին»

Իրանում ցույցերի ժամանակ մարդիկ են սպանվել․ «Ոչ պարտադիր հիջաբին»
Աշխարհ
12:52, 22 сентябрь 2022
Իրանում բողոքի ցույցեր են ընթանում արդեն հինգ օր անընդմեջ։ Հինգշաբթի օրը ամբոխը ցնծությամբ է ընդունել կանանց կողմից խարույկի վրա իրենց հիջաբները այրելու փաստը, փոխանցում է BBC-ն։

Ցուցարարները հայտնել են, որ Ուրմիայում, Փիրանշահրում և Քերմանշահում իրավապաշտպանների կողմից սպանված երեք ցուցարարների թվում նաև կին կա:

Իշխանությունները ցուցարարներին մեղադրել են Քերմանշահում երկու խաղաղ բնակիչների, ինչպես նաև Շիրազում ոստիկանության աշխատակցի սպանության համար: Առնվազն յոթ մարդ է զոհվել բռնկված ցույցերի ժամանակ։

22-ամյա Մահսա Ամինին, ով Թեհրան էր եկել Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքեզ քաղաքից, երեք օր կոմայի մեջ մնալուց հետո մահացել էր հիվանդանոցում։

Թեհրանում եղբոր հետ քայլելիս նրան ձերբակալել էին ոստիկանության աշխատակիցները՝ մեղադրելով հիջաբը ճիշտ չկրելու համար։ Ըստ այդ օրենքի՝ կինը պարտավոր է մազերը ծածկել հիջաբով կամ գլխաշորով, իսկ ձեռքերն ու ոտքերը լայն հագուստով: Նա կոմայի մեջ է ընկել ոստիկանության մեկուսարանում վայր ընկնելու պատճառով:

Ոստիկանությունը հերքում է, աղջկա նկատմամբ բռնություն է կիրառվել։ Պետական լրատվամիջոցների հաղորդմամբ, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի օգնականը երկուշաբթի օրը այցելել է տիկին Ամինիի ընտանիքին և տեղեկացրել, որ «բոլոր կառույցները քայլեր կձեռնարկեն խախտված իրավունքները պաշտպանելու ուղղությամբ»։

Ինչպիսի՞ն են Իրանի հիջաբի օրենքները

1979 թվականի Իսլամական հեղափոխությունից հետո Իրանի իշխանությունները պարտադիր հագուստի ձև են սահմանել (dress code), որի համաձայն բոլոր կանայք պարտավոր են կրել գլխաշոր և լայն հագուստ, որը քողարկում է նրանց կազմվածքը հանրության առաջ:

Բարքերի ոստիկանությանը, որը պաշտոնապես հայտնի է որպես Gasht-e Ershad (ուղղորդող պարեկներ), հանձնարարված է, ի թիվս այլ բաների, ապահովելու, որ կանանց հագուստը համապատասխանի իշխանությունների կողմից «պատշաճ» հագուստի մեկնաբանությանը: Ոստիկանները կարող են կանգնեցնել կանանց և գնահատել՝ արդյոք նրանց մազերը չափից ավելի են երևում գլխաշորի տակից, տաբատները և վերարկուները չափազանց կարճ են կամ նեղ, կամ կնոջ դիմահարդարումը աչքի ընկնող է, թե՝ ոչ։ Կանոնները խախտելու համար նախատեսված պատիժները ներառում են տուգանք, բանտարկություն կամ մտրակահարում:

2014 թվականին իրանցի կանայք սկսեցին կիսվել լուսանկարներով և տեսանյութերով, որտեղ իրենք հրապարակայնորեն խախտում էին հիջաբի օրենքը՝ որպես «Իմ գաղտագողի ազատությունը» առցանց բողոքի արշավի մի մաս: Նորվեգիայում հիմնված Hengaw կազմակերպությունը, որը վերահսկում է մարդու իրավունքները Իրանի հիմնականում քրդաբնակ շրջաններում՝ տեղեկացնում է, որ երեքշաբթի գիշերը Պիրանշահրում և Ուրմիայում անվտանգության ուժերը կրակ են բացել ցուցարարների վրա, որի հետևանքով զոհվել են 16-ամյա տղա և 23-ամյա երիտասարդ։

Կազմակերպությունը նաև հայտնել է, որ հարևան Քերմանշահ նահանգում բողոքի ցույցի ժամանակ անվտանգության ուժերի կրակոցներից մի կին է սպանվել:

Ըստ Hengaw-ի՝ երկուշաբթի օրը, անվտանգության ուժերի կողմից երեք տղամարդ ցուցարարներ են սպանվել Քուրդիստանի նահանգում, մեկը Սաքեզում՝ տիկին Ամինիի հայրենի քաղաքում, իսկ երկուսը Դիվանդարե և Դեհգոլան քաղաքներում: Այդ օրը Դիվանդարեում կրակոցից վիրավորված ևս մեկ մարդ ստացած վերքերից մահացել է չորեքշաբթի օրը:

Իշխանությունների այդ մահերը չեն հաստատել, սակայն Քերմանշահ քաղաքի դատախազը Tasnim լրատվական գործակալությանը հայտնել է, որ երեքշաբթի օրը «հակահեղափոխական տարրերի» կողմից երկու մարդ սպանվել է։

Միևնույն ժամանակ, պետական Irna լրատվական գործակալությունը հայտնել է, որ երեքշաբթի հարավային Շիրազ քաղաքում ցուցարարների հետ դաժան բախումների հետևանքով ստացած վնասվածքներից ոստիկանության աշխատակից է մահացել:

Համացանցում տեղադրված տեսանյութերը ցույց են տալիս, որ Թեհրանում կանայք հանում են իրենց գլխաշորը բղավելով «մահ բռնապետին», որը հաճախ օգտագործվում է Գերագույն առաջնորդի նկատմամբ: Մյուսները գոչում են «արդարություն, ազատություն, ոչ պարտադիր հիջաբին»։

Երեքշաբթի օրը Թեհրանի նահանգապետ Մոհսեն Մանսուրին իր Twitter-ում գրել է, որ բողոքի ցույցերը «ամբողջությամբ կազմակերպվել են անկարգություններ ստեղծելու օրակարգով», մինչդեռ պետական հեռուստատեսությունը պնդում էր, որ տիկին Ամինիի մահը որպես «պատրվակ» է օգտագործվում քուրդ անջատողականների և իշխող իշխանության քննադատների կողմից:

Հիշեցնենք, որ 22-ամյա Մահսա Ամինին ընտանիքի հետ Իրանական Քրդստանից Թեհրան է եկել հարազատներին տեսակցելու։ Սեպտեմբերի 13-ին բարոյահոգեբանական ծառայության աշխատակիցները Մահսային բերման են ենթարկել հիջաբը «սխալ» կրելու համար։ Ոստիկանները եղբորը՝ Քիարաշին ասել են, որ աղջկան տանելու են ոստիկանություն՝ «վերադաստիարակության», որից հետո ազատ կարձակեն։ Մահսա Ամինին երկու ժամ անց տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկները հայտնել են, որ նա կոմայի մեջ է ընկել։

Քիարաշը IranWire-ին ասել է, որ երբ մոտեցել է ոստիկանական բաժանմունքին, շենքի բակում մոտ 60-70 մարդ է եղել։ Բերման ենթարկված մյուս կանանց համար հագուստ են բերել։ Որոշ ժամանակ անց մարդիկ լսել են բղավոցներ։ Քիարաշը պատմում է, որ ներկաները փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում ու թակել են շենքի դռները։ Ոստիկանները մահակներով և արցունքաբեր գազով ցրել են հավաքվածներին։

Այդ օրը ազատ արձակված կանայք Քիարաշին ասել են, որ ներսում մարդ է սպանվել։ Հիվանդանոցում նրան ասել են, որ քույրը սրտի կաթված և ինսուլտ է տարել, ինչի հետևանքով նրա ուղեղը դադարել է աշխատել։