Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում հանրաքվեների հետ կապված պաշտոնյաների և ՌԴ պատգամավորների դեմ. EUobserver

ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանում հանրաքվեների հետ կապված պաշտոնյաների և ՌԴ պատգամավորների դեմ. EUobserver
Աշխարհ
16:21, 23 сентябрь 2022
Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակներում կարող է պատժամիջոցներ սահմանել ռուս պատգամավորների և ոչ բարձր մակարդակի պաշտոնյաների, ինչպես նաև այլ ռուսների դեմ, ովքեր կապված են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերի տարածքներում հանրաքվեների անցկացման հետ։ Այս մասին հայտնում է EUobserver ինտերնետ-պարբերականը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին։

 Հոդվածում ասվում է, որ աշխատանքը նոր սահմանափակումների ուղղությամբ այս շաբաթ արագացել է մտահոգությունների ֆոնին, որ հանրաքվեների արդյունքում մի շարք տարածքներ հնարավոր է միանան Ռուսաստանի Դաշնությանը։ Նշվում է, որ պատժամիջոցները կներդրվեն քվեարկությունից հետո։ Հրապարակման մեջ ասվում է, որ ներկայումս ընթանում է նոր պատժամիջոցների մշակումը, սակայն եվրոպական երկրները ստիպված կլինեն «ավելի կրեատիվ գործել»։

«Արդեն հավաքագրել են օլիգարխներին և բոլոր նրանց, ովքեր աշխատում են քաղաքական և պաշտպանական կառույցներում»,- պարբերականին տված հարցազրույցում ասել է պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ։ 

Նա նշել է, որ Ռուսաստանում այլևս չեն մնացել «կարևոր անձինք», որոնց դեմ կարելի էր պատժամիջոցներ սահմանել։ 

Հաղորդվում է նաև, որ ԵՄ-ն կարող է սև ցուցակում ներառել «ռուս քարոզիչներին». թե ում մասին է խոսքը՝ հայտնի չէ։