Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատրաստում է Ուկրաինային 1,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը պատրաստում է Ուկրաինային 1,1 մլրդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ
Աշխարհ
11:07, 28 сентябрь 2022
ԱՄՆ-ը պատրաստում է Ուկրաինային ռազմական օգնության հերթական տրանշը 1,1 մլրդ դոլարի չափով, հայտնում է բրիտանական Daily Mail-ը՝ հղում անելով կառավարական պաշտոնյաների իր աղբյուրներին։
 Ինչպես պարբերականին հայտնել է աղբյուրը, որը ծանոթ է մատակարարման պլանին, «հրատապ օգնության» փաթեթում նախատեսվում է ներառել HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգ և զինամթերք, անօդաչուներին հակազդող տարբեր տեսակի համակարգեր, ռադիոլոկացիոն սարքավորումներ, ինչպես նաև մատակարարվող տեխնիկայի պահեստամասեր։ Նախատեսվում են նաև ուկրաինացի զինվորականների  ուսուցում և տեխնիկական աջակցություն։
Պաշտոնատար անձինք հայտարարել են, որ «ռազմական օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի մոտ օրերս»: 
Ինչպես հաղորդել է Associated Press-ը (AP), երկու կուսակցություններից ամերիկացի սենատորները «զգալի չափով» աջակցել են Սպիտակ տան հայցին՝ Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Այդ միջոցները պետք է ներառվեն ժամանակավոր ծախսերի օրինագծում, որը պետք է ֆինանսավորի դաշնային կառավարության գործունեությունը մինչև դեկտեմբերի կեսերը, AP-ին հայտնել է աղբյուրը: 
Կոնգրեսի երկու պալատները պետք է հավանություն տան օրինագծին ուրբաթ օրվա վերջին՝ ֆինանսական տարվա ավարտին, որպեսզի կանխեն կառավարության գործունեության մասնակի դադարեցումը։