Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. hetq.am

Եվրոպական 9 երկրների նախագահներ աջակցել են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը. hetq.am
Աշխարհ
20:58, 02 октябрь 2022
Լեհաստանի, Չեխիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոնտենեգրոյի, Ռումինիայի և Սլովակիայի նախագահները համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Ուկրաինայի անդամակցությանը։ Փաստաթուղթը հրապարակվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

«Մենք հաստատակամորեն աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշմանը Ուկրաինայի ապագա անդամակցության վերաբերյալ»,- նշվում է հայտարարության մեջ։ Այդ գագաթնաժողովի ժամանակ Դաշինքը «համաձայնել էր, որ Ուկրաինան ու Վրաստանը դառնան ՆԱՏՕ-ի անդամներ» և աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագրին միանալու նրանց հայտին։ 

Նախագահները նաև Ռուսաստանից պահանջել են անմիջապես հեռանալ բոլոր տարածքներից և կոչ արել բոլոր դաշնակիցներին էականորեն մեծացնել Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը։

Նախօրեին Politico թերթը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը չի իմացել Ուկրաինայի պլանների մասին՝ արագացված ընթացակարգով ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։ Պարբերականը գրել էր, որ այս հարցով ամերիկյան վարչակազմում տարբեր տեսակետներ կան։ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հրաժարվել էր պատասխանել պարբերականի ուղիղ հարցին այն մասին, թե արդյոք նա աջակցում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սակայն հայտարարել, որ ինքը կողմ է հանդես գալիս Կիևի համար «անվտանգության երաշխիքներին»։

Ներկայացուցիչների պալատի անդամ Մայք Քուինգլին միևնույն ժամանակ աջակցել էր ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը։ «Ուկրաինայի համար պայքարը պատճառ է, որով մենք առաջին հերթին կազմավորել ենք ՆԱՏՕ-ն։ Ես կարծում եմ, որ մենք պետք է աջակցենք Ուկրաինային»,- հայտարարել էր նա։

Կանադայի կառավարությունից ևս հայտնել են, որ աջակցում են Ուկրաինայի հայտին։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Եվրոպայի յուրաքանչյուր ժողովրդավարական երկիր իրավունք ունի անդամակցության հայտ ներկայացնել ՆԱՏՕ-ին և Դաշինքը հարգում է այդ իրավունքը։ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում»,- հայտարարել էր Սթոլթենբերգը՝ չպատասխանելով Դաշինքին Ուկրաինայի արագացված անդամակցության վերաբերյալ հարցին։

Hetq.am