Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խերսոնի մարզում սկսվել է բնակիչների տարհանումը դեպի Դնեպրի ձախ ափ

Խերսոնում սկսվել է բնակիչների տարհանումը Դնեպրի աջ ափից դեպի ձախ ափ։ Այն ծավալվել է ուկրաինական բանակի հակահարձակման և Ուկրաինայում ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար Սերգեյ Սուրովիկինի նախազգուշացման ֆոնին, որ Խերսոնի հետ կապված չեն բացառվում «դժվար որոշումները»։
 
Խերսոնի մարզի օկուպացիոն իշխանությունները, որոնք նույնպես շարժվում են դեպի ձախ ափ, տարհանումն անվանում են «կազմակերպված տեղափոխություն»։ Այն կվերաբերի մի քանի տասնյակ հազարավոր բնակիչների։

«Մենք հաշվարկել ենք, նախատեսում ենք մոտավորապես 50-60 հազարին տեղափոխել ձախ ափ, իսկ հետագայում, ով կցանկանա՝ Ռուսաստանի Դաշնության այլ տարածաշրջաններ»,- ասել է Խերսոնի մարզի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Սալդոն։ Նրա խոսքով՝ վերջին երկու օրերին ավելի քան հինգ հազար մարդ արդեն դուրս է եկել Խերսոնից։ 

«Ձախ ափին պատրաստված են տեղեր, որտեղ մարդիկ կարող են մնալ որոշ ժամանակով: Որովհետև նրանք, միևնույն է, հավատում են, որ դա ժամանակավոր է: Մենք բոլորս ենք հավատում, որ դա ժամանակավոր է՝ մարտական առաջադրանքների կատարման փուլում, որոնք դրված են զինվորականների առջև»,- հավելել է նա «Soloviev.Live» շոուի եթերում։

Տարհանման մասին հայտարարության հետ գործնականում միաժամանակ տարածաշրջանի օկուպացիոն իշխանությունները հայտարարել են, որ 7 օրով քաղաքացիական անձանց համար մուտքը իրենց կողմից վերահսկվող տարածք փակում են: