Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը Ուկրաինայից պահանջել է փաստաթղթեր ներկայացնել պատերազմում իրանական ԱԹՍ-ների օգտագործման վերաբերյալ

Իրանը Ուկրաինայից պահանջել է փաստաթղթեր ներկայացնել պատերազմում իրանական ԱԹՍ-ների օգտագործման վերաբերյալ
Աշխարհ
13:27, 20 октябрь 2022
Մենք կտրականապես դեմ ենք պատերազմին ու պատերազմող կողմերից որևէ մեկի սպառազինմանը, և մենք Ուկրաինայի իշխանություններից պահանջել ենք փաստաթղթեր տրամադրել ուկրաինական պատերազմում իրանական անօդաչուներ օգտագործելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Խորվաթիայի արտգործնախարար Գորդան Ռադմանի հետ հեռախոսազրույցում։

Հղում անելով Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և այդ երկրի որոշ պաշտոնատար անձանց հայտարարություններին առ այն, թե Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործվել են իրանական անօդաչուներ, որոնք Ռուսաստանին են մատակարարվել շատ տարիներ առաջ, Ամիր Աբդոլլահիյանն ասել է, որ իրանական կողմը կտրականապես դեմ է պատերազմին և պատերազմող կողմերից ցանկացած մեկի սպառազինությանը. «Մենք խնդրել ենք Ուկրաինայի իշխանություններին փաստաթղթեր տրամադրել ուկրաինական պատերազմում իրանական անօդաչուների օգտագործման վերաբերյալ»,- պարզաբանել է նա։

«Իհարկե, մենք երկար տարիներ պաշտպանական համագործակցություն ունենք Ռուսաստանի հետ, բայց մենք չենք աջակցել Ուկրաինայի դեմ պատերազմին և Ռուսաստանին չենք մատակարարել որևէ իրանական զենք՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար», - ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։