Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բրազիլիայի նախագահական ընտրություններում Լուլա դա Սիլվան հաղթել է գործող նախագահ «բրազիլական Թրամփին»

Բրազիլիայի նախագահական ընտրություններում Լուլա դա Սիլվան հաղթել է գործող նախագահ «բրազիլական Թրամփին»
Աշխարհ
13:07, 31 октябрь 2022
Բրազիլիայում ձախերի առաջնորդ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կիրակի օրը կայացած ընտրություններում ձայների ոչ մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահին՝ «բրազիլական Թրամփ» Ժաիր Բոլսոնարուին, և երրորդ անգամ դարձել է երկրի նախագահ։

Ինչպես հայտարարել է Բրազիլիայի Գերագույն ընտրական դատարանը, Լուլան երկրորդ փուլում հավաքել է ձայների 50,85%-ը, Ժաիր Բոլսոնարուն՝ 49,15%-ը։

«Ես պատրաստ եմ ստանձնել մեր երկրի կառավարումը, որը հայտնվել է շատ դժվարին իրավիճակում: Բայց ես հավատում եմ, որ Աստծու օգնությամբ և մարդկանց օգնությամբ մենք կարող ենք այնպես անել, որ մեր երկիրը կրկին կարողանա ապրել ժողովրդավարական կանոններով և ներդաշնակության մեջ: Մենք կարող ենք վերադարձնել խաղաղությունը ընտանիքներում, հաշտեցնել տարբեր դիրքորոշումները և կառուցել Բրազիլիան, որն անհրաժեշտ է մեզ բոլորիս»,- ասել է Լուլան ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո:

Լուլուին առաջին րոպեներին շնորհավորել են հարևան Լատինական Ամերիկայի պետությունների ղեկավարները, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի նախագահները, Կանադայի վարչապետը և այլ երկրների ղեկավարներ։

Ժաիր Բոլսոնարուն ձայների հաշվարկի ավարտից հետո դեռ չի ընդունել պարտությունը։

Բրազիլիայում այժմ մտավախություն ունեն, որ տեղի կունենան անկարգություններ. Բոլսոնարուն դեռևս ընտրություններից առաջ հող է նախապատրաստել՝ պարտության դեպքում արդյունքները վիճարկելու համար, իսկ նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա ճամբարը շարունակել է այս աշխատանքը. բրազիլացիները «ռմբահարվել» են ապատեղեկատվությամբ, ընդ որում՝ ավելի արմատական, քան 2018 թվականի ընտրություններում, և դա արվել է ավելի կազմակերպված։