Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նյու Ջերսի-ում 200․000 հայ կա, բայց հայկական դպրոցի սաները 130ն են․ «Հովնանյան» վարժարանի հոգաբարձության ատենապետ Նազար Ալթուն․ տեսանյութ

ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում 200,000 հայ կա, բայց այնտեղ գործող Հովնանյան վարժարանում 130 աշակերտ ունենք։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց Հովնանյան վարժարանի հոգաբարձության ատենապետ Նազար Ալթունը։ Նա համաշխարհային հայկական գագաթնաժողովի բանախոսներից էր։

«130 աշակերտը հարկավ քիչ է, բայց կփորձենք շատացնել»,- նշեց Նազար Ալթունն ու ընդգծեց, որ Հովնանյան վարժարանում կրթվում են սկսած 6 ամսականից մինչև 13 տարեկան երեխաները։

«Մեր պզդիկներուն սովորեցնում ենք թե արևմտահայերեն, թե հայոց պատմություն, թե հայ արժեքները, որ ապագային իրենք իրենց գաղութին օգնեն, և հայ պզդիկներուն իբրև ղեկավար մեծացնել»,-հավելեց նա։ 

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ 200,000 հայից այդքան քիչ ընտանիքներ են իրենց երեխաներին բերում հայկական դպրոց, Նազար Ալթունն արձագանքեց․ «Ամերիկայի մեջ մենք ազատ ենք ուզածներս ըլալու։ Երբ որ ազատ ես կըմոռնաս որքան կարևոր է քո ազգդ, քո պատմությունը պահելը։ Թուրքիո մեջ՝ Իստանբուլում 16 հայկական դպրոց կա՝ 3000 աշակերտ ունեն։ Մենք մեկ հատ ունինք՝ 130 աշակերտ։ Ինչու՞ Թուրքիո, Սիրիայի մեջ հայկական դպրոց կա, որովհետև այնտեղ չեն ձգեր մոռանաս, որ դուն հայ ես և գաղութը այնտեղ ավելի զորավոր կկենա։ Մեր՝ Ամերիկայի մեջ ավելի ազատ ենք և ավելի դյուրին կցրվինք»։

Հովնանյան վարժարանի հոգաբարձության ատենապետի խոսքով՝ իրենց դպրոցը կապված չէ բարեգործական կազմակերպությունների հետ, չունի նյութական օգնություն որևէ կողմից և այդ իսկ պատճառով մեկ երեխայի համար տարեկան վարձը 15000 դոլար է։ 

Նազար Ալթունն անդրադառնալով Հայաստանի քաղաքական իրավիճակին՝ նշեց, որ Հայաստանը պետք է դեպի Արևմուտք շրջվի․ «Տեսանք, թե Ռուսիան ամուր ընկեր չեղավ մեզի այս պատերազմի ատեն և գործածեց մեզի։ Կկարծեմ, որ ավելի ժողովրդավար երկրներուն՝ Եվրոպային, Ամերիկային դառնանք՝ Հայաստանի համար ավելի լավ պիտի ըլա ապագայեն։ Անակնկալ մըն էր մեզի համար, որ Փելոսին որքան արագ եկավ։ Ամերիկան առիթ մը գտավ, որ ոտք նետե Կավկասներու մեջ մանավանդ Հայաստանի, որովհետև տեսավ, որ Ռոսիան զբաղված է։ Ինձ համար մեծ ուրախություն էր, որ Ամերիկայի կառավարությունը եկավ և անագ կերեվա, որ իրապես մեծ տարբերություն մը կըրցավ ըլել, որովհետև իրենց գալուն ի վեր ազերիները մեծ քայլեր չնետեցին նորեն Հայաստան մտնելու»։

Նարա Մարտիրոսյան 

Մանրամասն՝ տեսանյութում