Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհվել է ավելի քան 160 մարդ

Երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհվել է ավելի քան 160 մարդ
Աշխարհ
12:02, 22 ноябрь 2022
Ինդոնեզիայի Ճավա կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին: 

Ինչպես հայտնել է Արևմտյան Ճավայի նահանգապետ Ռիդվան Կամիլը, զոհվածների մեծ մասը եղել են դպրոցականներ։

Ինդոնեզիայի օդերևութաբանության, կլիմատոլոգիայի և երկրաֆիզիկայի գործակալության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,6 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է կղզու արևմտյան մասում՝ Չիանջուր քաղաքում, 10 կմ խորության վրա։ Քաղաքն ունի 175 հազար բնակիչ, իսկ համանուն տարածաշրջանի բնակչության թիվը գերազանցում է 2.5 միլիոնը:

Շատ մարդկանց հոսպիտալացրել են, շատերին անհրաժեշտ է եղել օգնություն ցույց տալ հենց փողոցում։ Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները՝ հույս ունենալով փլատակների տակ ողջ մարդկանց գտնել։

Արևմտյան Ճավայի նահանգապետ Ռիդուան Կամիլը նաև հայտնել է, որ ավելի քան 326 մարդ ստացել են վնասվածքներ: Նա ասել է, որ վիրավորների և զոհերի թիվը ամենայն հավանականությամբ կաճի, քանի որ տարերային աղետի շրջանում, դրա առանձին մասերում դեռևս գտնվում են շատ մարդիկ։ 

Նահանգապետը նաև հայտնել է, որ ավելի քան 13 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները, և ավելի քան 2 հազար տուն վնասվել է։