Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աստանան Մոսկվային կոչ է արել արձագանքել Ղազախստանի մասին ռուսական հեռուստաեթերից հեռարձակվող բացասական ռեպորտաժներին

Աստանան Մոսկվային կոչ է արել արձագանքել Ղազախստանի մասին ռուսական հեռուստաեթերից հեռարձակվող բացասական ռեպորտաժներին
Աշխարհ
15:12, 23 ноябрь 2022
Ղազախստանի ԱԳ նախարարի տեղակալ Ռոման Վասիլենկոն հայտարարել է, որ հանրապետության մասին արտահայտված բացասական կարծիքները, որ հնչում են հեռուստաալիքների եթերում ռուս փորձագետների կողմից, արժանի են ՌԴ իշխանությունների համապատասխան արձագանքին։

Ղազախստանի սոցցանցերում տարածվում է «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» թոք-շոուի հատվածի ձայնագրությունը, որի հյուրերից մեկը՝ քաղաքագետ Դմիտրի Դրոբնիցկին, զրուցակիցներին առաջարկել է «ուշադրություն դարձնել, որ հաջորդ խնդիրը Ղազախստանն է», քանի որ այնտեղ, նրա կարծիքով, «նույնպես կարող են սկսվել նացիստական գործընթացներ», ինչպես Ուկրաինայում։ Նա նշել է, որ «այնտեղ շատ ռուսներ կան»։ 

«Ինչ վերաբերում է նման հայտարարություններին, ապա և՛ պետության ղեկավարը, և՛ ԱԳՆ ղեկավարությունը, և՛ մեր պետության այլ ղեկավարներ, այդ թվում՝ խորհրդարանի պալատների նախագահները, արդեն մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել են նման մեկնաբանությունների, հայտարարությունների և տարբեր «խոսող գլուխների» մասին: Մենք կարծում ենք, որ նրանք, առաջին հերթին, չեն արտացոլում Ռուսաստանի Դաշնության պաշտոնական դիրքորոշումը, երկրորդ՝ վնաս են հասցնում Ղազախստանի և Ռուսաստանի միջև ավանդական սերտ հարաբերություններին, և երրորդ՝ արժանի են Ռուսաստանի Դաշնության իշխանությունների համապատասխան արձագանքին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Վասիլենկոն։