Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանում ընթացող ցույցերը քաղաքացիական չեն, մաքսանենգ ճանապարհով զենք է ներկրվում Իրան ու բարիկադներ են կառուցվում․ իրանագետ

Իրանում ընթացող ցույցերը քաղաքացիական չեն, մաքսանենգ ճանապարհով զենք է ներկրվում Իրան ու բարիկադներ են կառուցվում․ իրանագետ
Աշխարհ
18:15, 09 декабрь 2022

Civic.am-ի զրուցակիցն է իրանագետ Հարութ Արթին Առաքելյանը։

-Պարոն Առաքելյան, Իրանում տևական ժամանակ ընթացող ցույցերի մասնակիցներից մեկը դատապարտվել է մահապատժի, քանի որ նա մեղադրվում է նաև Իրանի աշխարհազորայիններից մեկին դանակով հարվածելու համար։ Իսկ ցույցերն ըստ հրապարակվող տեղեկությունների` հիջաբը սխալ կրող 18-ամյա աղջկան ոստիկանների կողմից սպանելու համար են ընթանում։ Ցույցերի իրական ծագումը հենց 18-ամյա աղջկա ենթադրյալ սպանությու՞նն է։


-Օրինակ Թունիսում մենք տեսնում ենք մի երիտասարդ իրեն հրկիզում է ու արդեն դառնում է Թունիսի հեղափոխություն, և որից էլ սկսվեց Արաբական գարունը։ Նույն կոնտեքստում պետք է տեսնենք Իրանի հարցը։ Աղջկա մահը կասկածելի է՝ ստույգ չենք կարող ասել՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, որովհետև հրապարակված տեսանյութերն այլ բան են ասում, թե ինչպես աղջիկը ոստիկանի հետ խոսելիս ուշաթափվել է, սակայն խոսքը գնում է, որ իրեն հարվածել են։ Ամեն դեպքում Իրանի մրցակիցները ցանկացած իրավիճակ կփորձեն օգտագործել՝ ճնշելու, ընդհուպ մինչև համակարգը փոխելու համար։ Վերջին երկու տասնամյակներում Իրանն ունեցել է մեծ ծավալի ցույցեր՝ 3-4 տարին մեկ, հասարակական խռովություն։ Այս ցույցն ավելի համակարգված է ի տարբերություն նախորդների, որը չնայած միտում ունի մեղմանալու և մարելու, այս պահին քաղաքներում նվազել են ցույցերը։


-Դուք նշեցիք՝ Իրանի մրցակիցները ցանկացած իրավիճակ կփորձեն օգտագործել՝ համակարգը փոխելու համար։ Իրանում կա՞ն գործող միջազգային կառույցներ, որոնք կարող են հրահրել ցույցեր։ 


-Իրանում պաշտոնապես այդպիսի կազմակերպություններ չեն աշխատում, ինչ էլ որ կա, ընդհատակյա է, բայց Իրանն ունի ընդդիմադիր պարսկալեզու բազմաթիվ մեդիաներ՝ BBC-ի պարսկերեն ծառայությունը, «Իրան ինթերնեյշնլ»-ը, որը հովանավորվում է Սաուդյան Արաբիայի կողմից, «Ազատություն» ռադիոկայանի պարսկերեն ծառայությունը և մոտ 50 այլ սպուտնիկային ալիքներ, որոնք հիմնականում ֆինանսավորվում են Արևմուտքից։ Հիմա մի պետության մեջ, երբ ժողովրդի վստահությունը պետական մամուլի նկատմամբ կորել է, ձգտում են ընդդիմադիր մեդիային։ Եվ ցույցերին մենք տեսնում ենք, որ այդ ընդդիմադիր՝ արտասահմանի կողմից ֆինանսավորվող հեռուստաալիքները կոորդինացնում են այս ցույցերը։ 

-Իսկ այդ ընդդիմադիր մեդիաընկերություններն Իրանու՞մ են գործում, Իրանի իշխանությունը թույլատրու՞մ է ազատ գործել։


-Իրանում չեն աշխատում, հեռարձակվում են սպուտնիկային կարգավիճակով, Իրանում էլ թեպետ արգելված է, բայց քաղաքացիները գաղտնի ունեն արբանյակային հեռարձակման ափսե։ Երբեմն իշխանությունները փորձում են այդ արբանյակային ափսեները հավաքել, բայց այն դարը չի, որ կարողանան ամբողջությամբ փակել մեդիա հասանելությունն ու ինտերնետը։ Իրանում պաշտոնապես չունեն լրագրողներ, հին լրագրողները երկրից արտագաղթել են և աշխատում են ընդդիմադիր մեդիաներում։


-Իրանի իշխանության կողմից վարվող այս խիստ քաղաքականության ժամանակ Արևմուտքից ֆինանսավորվող լրատվամիջոցների հաղորդած տեղեկատվությունը բավարա՞ր էր մարդկանց դժգոհությունն առաջացնելու համար, որ ցույցեր կազմակերպեին, թե՞ ժողովուրդն է հոգնել այդ քաղաքականությունից։ 


-Իրանը 20 տարուց ավելի Արևմուտքի կողմից ամենախիստ սանկցիաների տակ է գտնվում՝ ընդհուպ մինչև դեղորայք չես կարող ներմուծել երկիր, նորմալ արտահանում չունի, նորմալ տնտեսություն չունի, դրսից ֆինանսավորում չունի՝ օրինակ միջազգային բանկերի կողմից, և շատ բնական է, որ երկրում տեղի ունենա տնտեսական կոլապս։ Այդ տնտեսական կոլապսին կարող ենք գումարել համակարգում առկա կոռուպցիան, ոչ պատշաճ մենեջմենթը, որն աշխատում է թերի և այդ ամենը հասարակական ընդվզում և բողոք է առաջացնում։ Բայց դա պատճառ չի դառնա, որ ժողովուրդը դիմի անջատողական զինյալ պայքարի՝ սա ներմուծված է Իրան։ Իսկ հասարակական բողոք միշտ էլ եղել է՝ վերջին 20 տարվա ընթացքում 10-ից ավելի ցույցեր են եղել, երեք տարի առաջ էլ ցույց էր դեղերի թանկացման հետ կապված։ Օրինակ, երբ երեք տարի առաջ բենզինի թանկացման համար մեծ ցույց եղավ՝ դա Միջազգային բանկի ու Եվրոպական բանկերի հրահրմամբ էր, որտեղ Իրանն ասում էր, եթե ես ազատ երկիր եմ, այսինքն պատկանում եմ ՄԱԿ-ին ՝ միջազգային հանրությանը՝ ապա իմ նախագծերն էլ ֆինանսավորեք, որպեսզի կարողանամ վերանորոգել բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Եվ Միջազգային բանկերն ու Եվրոպական բանկը Իրանին վարկ տալու համար՝ պահանջեցին, որ Իրանը վերացնի իր ժողովրդին տրվող սուբսիդիաները, որով բենզինի, տրանսպորտի գինն էժան էր պահում երկրում։ Եվ Իրանը ձգտեց այդ լիբերալ տնտեսությանը, որն Արևմուտքն էր թելադրում, որի դիմաց կտար վարկավորում Իրանին՝ ենթակառուցվածքներ վերանորոգելու համար։ Եվ երբ ժողովուրդը տեսավ բենզինը, տրանսպորտը կրկնապատիկ-եռապատիկ թանկանում է, դուրս եկան ցույցի ու այդ ժամանակ չխոսվեց, որ այդ թանկացումները սուբսիդիաները պարտադրված հանելու պատճառով էին, և որ Արևմուտքն էր դա թելադրում։ Պարզապես Արևմուտքից ֆինանսավորվող ընդդիմադիր մեդիաներում ցուցադրվեցին ցույցն ու, որ տեսեք՝ զոհեր եղան։ 

-Այդ աղջկա ենթադրյալ սպանությունից հետո ցույցեր են բորբոքվել Իրանի տարբեր քաղաքներում, ու այժմ ձերբակալված ցուցարար տղան դատապարտվում է մահապատժի։ Սա էլ ավելի՞ չի բորբոքելու վիճակը։

 -Ցուցարար տղան մեծ թուր է վերցրել ձեռքը, մեծ փողոց է փակել, ցանկացած բաց խանութ, որն աշխատելուց է եղել՝ սպառնացել է, որ եթե չփակեն՝ բոլորին կմորթի, այդ ժամանակ ոստիկանությունը միջամտել է, որի ընթացքում էլ մի քանի ոստիկանի այդ ցուցարարը վիրավորել է թրով։ Ոստիկանությունը ձերբակալել է տղային, ու դատարանն է վճռել մահապատիժ։ Եկեք պատկերացնենք ԱՄՆ-ում ոստիկանությունը թրով փողոց փակող մարդուն ի՞նչ կաներ՝ տեղում կսպաներ։ Հիմա դրսի մեդիան փորձում է թարմ պահել, որ տեսեք զոհեր կան, գործադուլ կա, ցույցեր կան, ես չեմ ասում Իրանի համակարգը չի փլուզվի, բայց այսօր տեղի ունեցողը չենք կարող վերագրել զուտ հասարակական ու քաղաքացիական գործողությունների արդյունք։ Իրաքի քրդաբնակ գյուղերից, Պակիստանից մեծ քանակությամբ մաքսանենգ ճանապարհով զենք է ներկրվում Իրան ու «ժողովուրդը» բարիկադներ է կառուցում ու սկսում են կրակ բացել ոստիկանության վրա, այդ պարագայում ի՞նչ պետք է անի ոստիկանությունը։ Իրանի Բելուչեստանի նահանգում՝ Զահեդան քաղաքում, կային քաղաքացիական հագուստով կազմակերպիչներ, որոնք պատրաստված էին, գիտեն քաղաքային պայքարը կամ պատերազմն ինչպես տանել։ Նման դեպքում բնական է, որ ոչ միայն ոստիկանությունն այլ նաև բանակը կմիջամտի կարգուկանոն հաստատելու համար։ Իսկ ընդդիմադիր մեդիաները չեն խոսում այն մասին, որ ցուցարարները զենք են կիրառել։  


-Իրանում ընթացող ցույցերի ֆոնին ԱՄՆ-ն Իրանի ժողովրդի կողմից էր խոսում, ասում էր՝ աջակցելու է, չի թողնելու իրենց իրավունքները խախտվեն, մինչ այս պահը որևէ ձևով օգնե՞լ է իրանցիներին, կամ ինչպե՞ս է օգնելու։  


-Իրենց հայտարարությամբ՝ մոտավորապես 3մլն դոլար հատկացված է միայն մեդիային, որը պետք է աշխատի Իրանի դեմ։
-Ի՞նչ է պահանջում ԱՄՆ-ն Իրանից։


-ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը չունենա հեռահար հռթիռներ, ոչնչացնի դրանք։ Սադամ Հուսեյնն Իրաքում ոչնչացրեց հեռահար հրթիռներն ու ամիսներ անց ԱՄՆ-ն ներխուժեց, Քադաֆին Լիբիայում ոչնչացրեց հեռահար հրթիռներն ու ամիսներ հետո ՆԱՏՕ-ի զորքը մտավ ու ոչնչացրեց Լիբիան։ Հիմա, Իրանն այդ ամեն ինչից դաս չպե՞տք է քաղի։ Իրանը պատրաստ է բանակցել միջուկային երկիր չլինելու շուրջ, բայց ոչ իր անվտանգության երաշխիքի՝ հեռահար հրթիռների վերացման շուրջ, որը միջուկայինի բանակցությունների ժամանակ առաջ քաշեց ԱՄՆ-ն, ու բանակցությունները գնացին փակուղի։ 
 ԱՄՆ-ն չի խոսում Իսրայելի մասին, որն ունի մարտագլխիկներ և չի էլ հայտարարագրել դրանք։ Այսինքն Արևմուտքի մոտեցման մեջ երկակի ստանդարտներ կան։ 


-Իսկ Իրանն ինչի՞ չի ուզում հրաժարվել մի շարք խիստ օրենքներից՝ օրինակ մահապատժից, հիջաբ պարտադիր կրելու պահանջից։ 


-Իսկ ԱՄՆ-ն ինչու՞ չի ուզում վերացնել մահապատիժը։ Ես Իրանում եղած ժամանակ պայքարել եմ այդ ամենի դեմ, բայց այս պահին այդ թեմաները երկրորդական են։ Այո, ռեֆորմներ երկրին պետք են, բայց հիմա Իրանում ընթացող պայքարը քաղաքացիական չէ։ 


-Անցնենք Հայաստան-Իրան հարաբերություններին։ Երբ Ադրբեջանը սեպտեմբերին Հայաստանի սահմանների դեմ հարձակում գործեց ու ներխուժում ունեցավ, Իրանի պաշտոնյաները ընդհուպ նախագահի մակարդակով կոշտ արձագանքեցին սահմանների հնարավոր փոփոխությանը՝ ընդգծելով Ադրբեջանի կողմից միջանցք բացելու անթույլատրելիությունը։ Այնուհետ Իրանը՝ Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ սկսեց, դրան հաջորդեցին Ադրբեջանի զորավարժություններն Իրանի սահմանին։ ԱՄՆ-ն ընդգծեց, որ կաջակցի Ադրբեջանին Իրանի հնարավոր հարձակման դեպքում։ Սա որևէ չափով վախեցրե՞ց Իրանին Հայաստանին աջակցելու հարցում։


-ԱՄՆ-ի այդ հայտարարությունն Իրանին չի վախեցնի։ ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիային որպես դաշնակից աջակցություն ցույց տվեց, բայց յոթ տարի է՝ Սաուդյան Արաբիան Եմենին չի կարողանում հաղթել, որովհետև Իրանը կանգնեց Եմենի ժողովրդի կողքին։ Իրանի՝ միջանցքի մասին հայտարարությունները պարզապես Հայաստանի շահերի համար չեն, այլ իր շահերի համար են։ Միջանցքի առկայությունը լուրջ սպառնալիք է Իրանի ազգային անվտանգությանը։ Արցախյան 44-օրյա պատերազմում մենք տեսանք՝ Իսրայելն ինչպիսի հովանավորություն ցույց տվեց Ադրբեջանին, պատերազմի ընթացքում։ Ադրբեջանի զենքի 69 տոկոսը ներմուծվել է Իսրայելից և հիմա դրա դիմաց ստացել է մեզնից զավթած տարածքները, որտեղ կարող է տեղակայվել և ցանկացած ժամանակ Իրանի դեմ ոտնձգությունների պարագայում նաև օգտագործել այդ տարածքը։ Եվ այս ամենը տեսնելով՝ բնական է, որ Իրանը պետք է պաշտպանի Հայաստանին։ Իսկ Հայաստանն, ի դեմս Իրանի, ունի կայուն սահման մեր հարավում, որը չունենք ոչ արևելքում, ոչ արևմուտքում։ Իսկ Իրանի փլուզմամբ Ադրբեջանն ու Թուրքիան արդյո՞ք չեն օգտագործի դա մեր տարածաշրջանում իրենց վաղեմի երազանքներն իրականացնելու համար։ 
 
 Նարա Մարտիրոսյան