Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին

ՄԻԵԴ-ը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին
Աշխարհ / Իրավունք
17:20, 17 февраль 2021
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռուսաստանից պահանջում է ազատ արձակել Կրեմլի քննադատ, ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնիին, հայտնում է Azatutyun.am-ը։ ՄԻԵԴ-ը պաշտոնապես դեռ չի հրապարակել որոշումը:

Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ավելի վաղ հայտարարել է, թե «իշխանությունները չեն կարող ՄԻԵԴ-ի պահանջով ազատել «Իվ Ռոշե»-ի գործով դատապարտված Նավալնիին, քանի որ դա կլինի կոպիտ միջամտություն ինքնիշխան պետության դատական համակարգի աշխատանքին, «կարմիր գիծ», որը Ռուսաստանը թույլ չի տա հատել»:

Նախարարությունը հայտարարել է, որ Եվրոպայի խորհրդի բոլոր երկրների կողմից ճանաչվել է ՄԻԵԴ-ի կարգավիճակը, որով այն չեն կարող փոխարինել ազգային դատարանները, չեղարկել կամ փոխել դրանց որոշումները:

Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան հայտնել է, որ «Իվ Ռոշե»-ի գործով ՄԻԵԴ-ի որոշումը չկատարելու կապակցությամբ բլոգերի փաստաբանները դիմել են Եվրոպայի խորհրդի գործադիր մարմին՝ Նախարարների կոմիտե: Դիմումը կքննարկվի մարտին:

Այս տարվա փետրվարի 2-ին Մոսկվայի Սիմոնովսկի դատարանն արտագնա նիստում «Իվ Ռոշե»-ի գործով Նավալնիի պայմանական ազատազրկումը փոխարինել է 3 և կես տարվա իրական պատժաչափով: Նավալնին պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ նախքան որոշման ուժի մեջ մտնելը պահվելու է քննչական մեկուսարանում: