Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Թուրքիայում նախագահի ընտրության երկրորդ փուլն է

Այսօր Թուրքիայում նախագահի ընտրության երկրորդ փուլն է
Աշխարհ
11:26, 28 май 2023
Թուրքիայում այսօր անցկացվում է նախագահի ընտրության երկրորդ փուլը։ 
 
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում են գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն:
 
Առաջին փուլից մինչ երկրորդ փուլ ընկած երկու շաբաթվա ընթացքում Էրդողանին հաջողվել է ստանալ առաջին փուլում մրցակցությունից դուրս մնացած թեկնածու Սինան Օղանի աջակցությունը. Քեմալ Քըլըչդարօղլուին պարադոքսալ կերպով համաձայնել են աջակցել թե՛ ազգայնականները, թե՛ քրդերը։
 
Հաղթանակի հարցում սոցիոլոգների կանխատեսումները տարբերվում են. մեծամասնությունը Էրդողանին ֆավորիտ է համարում, բայց կան նաև Քըլըչդարօղլուի հաղթանակը կանխատեսողներ։ Ընտրության հարցում չկողմնորոշվածները շատ բան կորոշեն. տարբեր աղբյուրների համաձայն՝ 5%-ից 8%-ը երկրորդ փուլից մի քանի օր առաջ դեռ չեն որոշել, թե ում են տալու իրենց ձայնը։
 
Ընտրության առաջին փուլում, որն անցկացվել է մայիսի 14-ին, Էրդողանը ստացել է ձայների 49,52%-ը, Քըլըչդարօղլուն՝ 44,88%-ը։