Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորումը ռազմական հանցագործություն է. Human Rights Watch

Համաձայն Ժնևյան երրորդ կոնվենցիայի՝ ռազմագերիների հետ վարվելու կանոնների, ռազմական անձնակազմի անդամները, որոնք գերևարվել են զինված հակամարտության ընթացքում՝ մինչև զենքերը վայր դնելը՝ ներառյալ մինչև հրադադարի ստորագրումը, պետք է համարվեն ռազմագերի: Կոնվենցիայից այս մեջբերումը հայ ռազմագերիների նկատմամբ շինծու դատավարությունների վերաբերյալ՝ «Լուրերի» հարցմանն ի պատասխան առանձնացրել է Ռեյչըլ Դենբերը՝ HRW իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրենը:

Ռեյչըլ Դենբեր (HRW-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն) - Կոմպետենտ դատարանը կորոշի՝ արդյոք գերևարված անձը ստանո՞ւմ է ռազմագերու կարգավիճակ՝ դիտարկելով փաստերը, ինչպիսին է, օրինակ, այն, թե արդյոք այդ անձը համապատասխանո՞ւմ է Կոնվենցիայում ամրագրված ռազմագերու բնորոշմանը:

Տրիբունալի կոմպետենտության առանցքային չափորոշիչը նրա արդար և անկախ լինելն է: Ավելին, ըստ իրավապաշտպան կազմակերպության պաշտոնյայի, ռազմագերիների և պահված անձանց ապօրինի կալանավորումը ռազմական հանցագործություն է:Մենք շատ լուջ կասկածներ ունենք, որ Ադրբեջանը ռազմագերիների և պահված անձանց հետ չի վարվում Ժնևյան կոնվենցիայի դրույթներին համաձայն: Հայաստանի նկատմամբ թշնամանքը, որն ակնհայտ է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, առաջացնում է մտահոգություններ, որոնք նաև հիմնված են Ադրբեջանի իշխանության կողմից քրեական արդարադատությունը չարաշահելու և քաղաքական նպատակներով օգտագործելու արձանագրված դեպքերի վրա: Այդ ամենը մտահոգություն է առաջացնում, որ մարդիկ չեն արժանանա արդար, միջազգային չափորոշիչներին համապատասխանող դատավարության: Ահա թե ինչու պետք է լինի միջազգային մոնիտորինգ՝ կոմպետենտ, բազմանդամ կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն կամ ՄԱԿ-ը:
Կամայական ազատազրկումն արգելված է՝ նշում է HRW-ն:

Նամակում անդրադարձ կա նաև Բաքվում բացված՝ այսպես կոչված «ռազմավարի պուրակին»: Այն շարունակում է ցնցել Եվրոպային:
Ինչ վերաբերում է «ռազմավարի պուրակին»՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի խիստ հայտարարությունն այս հարցի վերաբերյալ ընդգծում է, որ պուրակն ունի մարդկանց հետ անմարդկային վերաբերմունքն արտացոլող տեսարաններ, որոնք չափազանց մտահոգիչ են և ստորացուցիչ: Ես նորից կհնչեցնեմ Ադրբեջանի իշխանությանն ուղղված նրանց կոչը, որ նրանք հստակ քայլեր ձեռնարկեն՝ կասեցնելու ցանկացած հռետորաբանություն կամ գործողություն, որը կարող է հանգեցնել թշնամանքի կամ ատելության սերմանման:

Եվս մեկ արձանագրում. ռազմագերիներին չի կարելի հետապնդել զինված հակամատության մեջ մասնակցելու համար՝ նշված է «Լուրեր»-ին ուղղված պատասխան նամակում: