Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության այս տարվա զեկույցում ՀՀ-ն բարելավել է դիրքը

Մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության այս տարվա զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը: Մասնագետների համոզմամբ՝ պատճառը նախորդ տարի թրաֆիքինգի դեմ պայքարում Կառավարության ձեռնարկած առավել գործուն ջանքերն են: Ըստ փաստաթղթի՝ առաջխաղացումը պայմանավորված է մեծ թվով կասկածյալների նկատմամբ քննություններով, թրաֆիքինգի զոհ դարձածների ավելի շատ դեպքերի բացահայտմամբ, անչափահասների հարցաքննության պաշտպանությունը սահմանող օրենքի ընդունմամբ ու կացարաններին տրամադրվող աջակցության ավելացմամբ։

ԱՄՆ պետքարտուղարության 2021 թ. ամենամյա զեկույցում նշված է՝ «Թեև Հայաստանի կառավարությունը ոչ լիովին է բավարարում թրաֆիքինգի վերացման նվազագույն չափորոշիչները, սակայն այդ ուղղությամբ զգալի ջանքեր է գործադրում: Նախորդ հաշվետու ժամանակահատվածի համեմատ՝ Հայաստանը տեղափոխվել է 2-րդ մակարդակ»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, Հաշմանդամություն և ներառական զարգացում ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանի կարծիքով՝ պետքարտուղարության այս գնահատականը պայմանավորված է նաև վերջին 3 տարում ստեղծված մեխանիզմների բարելավմամբ: Չնայած մեծ աշխատանքին՝ Բաթոյանը պնդում է՝ մինչև հիմա իրազեկությունը Հայաստանում ցածր է. ի վերջո, ի՞նչ է թրաֆիքինգը, ի՞նչ պատժամիջոցներ կան, և, առհասարակ, ի՞նչ ծրագրեր է անում պետությունը այս ուղղությամբ:

Զարուհի Բաթոյան («Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ նախագահ) - Պետությունը աջակցման ծրագրեր է անում, այդ թվում նաև ֆինանասկան, բայց որպեսզի քաղաքացիները կամ զոհերը դրա հասանելիությունը ունենան, պետք էր իրականացվեն աշխատանքներ: 2-րդ աշխատանքը, որ մենք արեցինք, երեխաների աջակցման ծրագիրն էր. մինչ այդ նրանց նույնականացման խնդիր կար, ու ֆինանսականը չէր գործում: Ապաստարաններին տրամադրվող աջակցությունը մեծացավ ու ՀԿ-ների հետ համատեղ այդ աջակցման ծրագիրը իրականացվում է, որտեղ զոհերը կարող են ստանալ սոցիալ-հոգեբանական աջակցություն, ֆինասկանան, կացարանի:

Զեկույցում նաև նշվում է, որ գլխավոր դատախազությունը աշխատանքային խումբ է ստեղծել՝ 2018-2019 թթ. թրաֆիքինգի բոլոր գործերի քննության խնդիրների բացահայտման նպատակով: Կառավարությունն էլ մշակել է նոր պահանջներ սոցիալական աշխատողների համար, ինչը կնպաստի ավելի արդյունավետորեն հայտնաբերել թրաֆիքինգի ենթարկված երեխաներին:

ԱՄՆ պետքարտուղարության 2021 թ. ամենամյա զեկույցից՝ «Կառավարությունն առաջին անգամ միջոցներ է հատկացրել թրաֆիքինգի ենթարկված մարդկանց հայրենադարձման համար: Առողջապահության և աշխատանքի տեսչության մարմինն էլ 2015 թվականից ի վեր առաջին անգամ իրականացրել է աշխատանքային պայմանների ստուգումներ»:

Բաթոյանն ընդգծում է՝ օրենսդրական դաշտում լուրջ փոփոխությոնների կարիք կա, այդ թվում՝ աշխատանքային և քրեական օրենսգրքերում: Աշխատանքն այդ ուղղությամբ արդեն սկսվել է, նախագծերը շրջանառության մեջ են:

Զարուհի Բաթոյան - Օրենսդրական փոփոխությունների դեպքում մեխանիզմները պետք է բարելավեն, որովհետև թրաֆիքինգը լատենտային է, կա խնդիր՝ նույնացնելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու հատկապես հարկադիր աշխատանքի հետ կապված, և դրանք օրակարգային պետք է լինեն Կառավարությունում ու ԱԺ-ում:

Զեկույցում նշվում է՝ թրաֆիքինգի մասին իրազեկումն ու զոհերի բացահայտումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով իրենք շարունակելու են հավելյալ ֆինանսավորում տրամադրել Հայաստանի պատկան մարմիններին։