Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանները չեն այցելել Շուշի
Տարածաշրջան
12:07, 11 июль 2021
Պաշտոնական Բաքուն և ադրբեջանական հանրությունը ցնցված են Ադրբեջանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների քայլից: Երեք դիվանագետները հրաժարվել են այցելել Շուշի:

Դիվանագիտական կորպուսի այցն այդ քաղաք կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այցին հրավիրվել էին 46 պետության դեսպաններ:

Ադրբեջանական մամուլից պարզ է դառնում, որ դեսպանների մերժումը մեծ աղմուկ ու իրարանցում է առաջացրել Բաքվում. Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, մեղադրում են «հայամետ» քաղաքականության համար:

Հրապարակվել է նախագահ Ալիևի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը: «Այս դեմարշը կազդի այդ պետությունների հետ Ադրբեջանի հետագա հարաբերությունների վրա: Ամեն դեպքում, բացառությամբ Ֆրանսիայի, Ադրբեջանը ռազմավարական գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վնաս կհասցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Վիրավորանքը հասցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-վրդովված հայտարարել է Հաջիևը: