Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի խորհրդարանը բոյկոտել է Իսրայելին աջակցած ընկերությունների արտադրանքը

Թուրքիայի խորհրդարանը բոյկոտել է Իսրայելին աջակցած ընկերությունների արտադրանքը
Տարածաշրջան
22:09, 07 ноябрь 2023
Նոյեմբերի 7-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարությունը որոշում է կայացրել խորհրդարանի ճաշարանի մենյուից հանել «Nescafe» և «Coca Cola» ընկերությունների կողմից արտադրված ըմպելիքները:

Թուրքական մեդիայում շրջանառվող պնդման համաձայն՝ նման քայլը կապված է պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ Թուրքիայի ունեցած դիրքորոշման հետ:

«Փաստորեն Թուրքիայի ողջ տարածքում քաղաքացիների կողմից Իսրայելի հարձակումների դեմ իրականացվող ցույցերին և իսրայելական ապրանքների դեմ բոյկոտին մասնակից դարձավ նաև խորհրդարանը»,- գրում է թուրքական մամուլը:

Ստացվում է, որ վերոհիշյալ երկու ընկերություններն աջակցել են Իսրայելին, որի պատճառով էլ նման որոշում է կայացվել:

Նշենք, որ Թուրքիան բազմիցս երկրի կարևորագույն դեմքերի շուրթերով հայտնել է իր աջակցությունը Պաղեստինին և այնտեղի բնակիչներին:

Նույնսիկ օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իսրայելին համարել էր ահաբեկչական կազմակերպության պես գործող պետություն, իսկ Պաղեստինի Գազայի հատվածում իշխող «Համաս»-ին՝ ազատագրողների և մոջահեդների (իսլամում սրբազան պատերազմի մարտիկներ) խումբ: