Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանն ու Բաքուն «համաձայնեցրել են Արաքսի ափով երկաթուղու և մայրուղու երթուղին»

Թեհրանն ու Բաքուն «համաձայնեցրել են Արաքսի ափով երկաթուղու և մայրուղու երթուղին»
Տարածաշրջան
11:04, 10 ноябрь 2023
Իրանի և Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում համաձայնեցվեց Արաքս գետի հարավային ափով երկաթուղու և մայրուղու երթուղին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Տաշքենդում Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ։

Ալիևը վստահություն է հայտնել, որ այս նախագիծը «կարճ ժամանակում կիրականացվի և կդառնա Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի ևս մեկ ուղղություն»։

«Այսինքն՝ արդյունքում կունենանք երկու երթուղի՝ մեկը Աստարայով, մեկը Աղբենդով, և երկու երթուղիներն էլ կծառայեն Իրանի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունների ամրապնդմանը, հասանելի կլինեն նաև այլ երկրների մեր հարևաններին և գործընկերներին», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Թեհրանը տեսնում է, որ տրանսպորտի և տարանցման վիճակը օրեցօր բարելավվում է, իր հերթին ասել է Ռայիսին՝ շեշտելով՝ «միմյանց բավարարում են ոլորտում երկու երկրների շահերը, ինչը երաշխավորում է Ադրբեջանի, Իրանի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապը և վերացնում այն մտահոգությունները, որոնք առկա էին այս ոլորտում»:

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր, նշվել է «3+3» ձևաչափի կարևորությունը։

Ի պատասխան Զանգեզուրի սուվերեն միջանցքի բացման մասին պաշտոնական Բաքվի և Անկարայի բազմաթիվ հայտարարությունների՝ Երևանը մշտապես շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում «միջանցքային տրամաբանություն չկա»։

Պաշտոնական Երևանը Ադրբեջանի իշխանությունների կողմից «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը գնահատում է որպես տարածքային նկրտում Հայաստանի նկատմամբ։

Բաքուն օրերս հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը»՝ նշելով՝ այդ ծրագիրը կարող է իրականացնել Իրանի հետ։

Աղբյուր՝ azatutyun.am