Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախ մուտքի թույլտվության հարցը քննարկվում է հակամարտության կողմերի հետ. Զախարովա

Արցախ մուտքի թույլտվության հարցը քննարկվում է հակամարտության կողմերի հետ. Զախարովա
Տարածաշրջան
16:40, 26 февраль 2021
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաջնահերթությունն է ապահովել կայուն խաղաղություն և վերականգնել շրջանի բնականոն կյանքը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով այն հարցը, թե ռուս խաղաղապահները չեն թույլատրում որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների մուտքը Արցախ, տեղեկացնում է Aravot.am-ը։

«Պետք է բոլորս մեզ հարց տանք՝ ինչ ենք մենք ուզում. այս փուլում զարգացնել Արցախի զբոսաշրջությու՞նը, թե՞ հասնել փախստականների վերադարձին և բնականոն կյանքի ապահովմանը,- ասել է Զախարովան:- Ամենագլխավորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և բնականոն կյանքի ապահովումը, այդ թվում փուլային մոտեցումը հարցերին, որոնք շատ-շատ են: Ռուս խաղաղապահները հենց դրանով էլ զբաղված են»:

Զախարովան նշել է, որ մուտքի թույլտվության ցանկացած հարց խաղաղապահները քննարկում են հակամարտության կողմերի հետ: «Իհարկե, մենք բոլորս հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, և այնտեղ զբոսաշրջիկներ գնան: Բայց տեղում կան իրողություններ, կա իրական խնդիր, որի լուծման վրա էլ մենք պետք է կենտրոնանանք»,- ասել է Զախարովան: