Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ինչպես է արձագանքել պաշտոնական Բաքուն ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու մտադրության մասին Հայաստանի ԱԱԾ-ի հայտարարությանը

Ինչպես է արձագանքել պաշտոնական Բաքուն ականապատ տարածքների քարտեզները տրամադրելու մտադրության մասին Հայաստանի ԱԱԾ-ի հայտարարությանը
Տարածաշրջան
11:58, 26 январь 2024
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ տրամադրելու մտադրության մասին։

 Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է, որ Ադրբեջանը ինչպես 2020 թվականի «Հայրենական պատերազմից» առաջ, այնպես էլ հետկոնֆլիկտային շրջանում Հայաստանից բազմիցս պահանջել է տրամադրել այդ քարտեզները. «2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայտնի դարձավ, որ ականների քարտեզների փոքր մասի ճշգրտությունը, որոնց գոյությունը Հայաստանը նախ ընդհանրապես հերքել է, իսկ հետո ներկայացրել միջազգային ճնշման արդյունքում, կազմել է ընդամենը 25 տոկոս։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ներկայացված քարտեզներն անօգուտ են, ամբողջական չեն և չեն արտացոլում իրական իրավիճակը։ Չնայած այս քարտեզները ցույց են տալիս, որ Ադրբեջանի տարածքներում 400 հազար ական կա, սակայն իրականում ականների թիվը գերազանցում է 1 միլիոնը»։

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության այս հայտարարությունը ցույց է տալիս, որ Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, այս քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց։ 

«Ադրբեջանական կողմն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի բոլոր ականապատ տարածքների ճշգրիտ քարտեզները, որոնք ամբողջությամբ չեն տրամադրվել Ադրբեջանին։ Բացի դրանից, Հայաստանի կողմից պետք է շտապ միջոցներ ձեռնարկվեն տեղեկություններ տրամադրելու վերջին 30 տարվա ընթացքում անհետ կորած գրեթե 4 հազար ադրբեջանցիների ճակատագրի, ինչպես նաև այն զանգվածային գերեզմանների վայրերի մասին, որտեղ թաղված են ադրբեջանցիները»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։