Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավական հասուն են և ի վիճակի են ինքնուրույն լուծել խնդիրները». Ալիևի ներկայացուցիչ

«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավական հասուն են և ի վիճակի են ինքնուրույն լուծել խնդիրները». Ալիևի ներկայացուցիչ
Տարածաշրջան
14:39, 09 февраль 2024
Բաքվի մոտալուտ սպառնալիքի մասին հերթական «միֆը» ստեղծելով՝ «Հայաստանը, ինչպես նախկինում, դե ֆակտո ոտնձգություն է կատարում Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ», հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

RFE/RL-ի թղթակից Ջոշուա Կուչերայի հոդվածում, որը նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին, նշվում է, որ կողմերի միջև տարբեր միջնորդների նկատմամբ ստեղծված վստահության դեֆիցիտի պատճառով Բաքուն և Երևանը վերջերս նախապատվությունը տվել են երկկողմ անմիջական շփումների ձևաչափին, որոնք արդեն սկսել են տալ կոնկրետ պտուղներ։ 
«Հայաստանն ու Ադրբեջանն արդեն բավական հասուն են և ի վիճակի են ինքնուրույն լուծել միմյանց միջև մնացած խնդիրները, և այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում է իր ընթացքով»,- ընդգծել է Էլչին Ամիրբեկովը՝ առկա գերակշռող կարծիքի ֆոնին, թե դրսի խոշոր խաղացողների համառ միջամտության հետևանքով խաղաղության պայմանագիրը ռիսկի է ենթարկվում վերածվելու աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմի երկու հակադիր բլոկների միջև։ 

Այս համատեքստում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը «կատարյալ նոնսենս» է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի վերջերս արած հայտարարությունը, որում նա մատնանշում էր Ադրբեջանի տարածքային հավակնությունները Հայաստանի նկատմամբ և Բաքվին կոչ էր անում վերադառնալ Երևանի հետ առարկայական բանակցությունների։

Նրա խոսքով՝ Հայաստանի ԱԳՆ պաշտոնական կայքէջը շարունակում է ներկայացնել «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» որպես պատմական Հայաստանի անբաժանելի մաս։ 

«Մենք բազմիցս հայկական կողմին ենք ներկայացրել մեր բոլոր մտահոգությունները, սակայն, ցավոք, դրանք վերացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ նրանց կողմից դեռևս չեն ձեռնարկվել։

Ադրբեջանական մոտալուտ սպառնալիքի մասին անհեթեթ լուրերի կանխամտածված տարածումը, Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների պահպանմանը զուգահեռ, ոչ միայն սուտ է, այլև դեպի ոչ մի տեղ տանող ճանապարհ»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը։