Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ընտրություններ» շոուն բեմադրած Ալիևի սպասելիքները չիրականացան․ ժողովրդավար երկրները չեն շնորհավորել Ալիևին

«Ընտրություններ» շոուն բեմադրած Ալիևի սպասելիքները չիրականացան․ ժողովրդավար երկրները չեն շնորհավորել Ալիևին
Տարածաշրջան
17:00, 12 февраль 2024
Իլհամ Ալիևը 5-րդ անգամ անընդմեջ դարձավ Ադրբեջանի նախագահ և այդ երկիրը կղեկավարի ևս 7 տարի։ Քվեարկության արդյունքում նա ստացել է ձայների 92.12%: 

44-օրյա պատերազմից և 2023-ին Արցախում իրականացրած էթնիկ զտումից հետո արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարած Ալիևի հաշվարկն այն էր, որ վերջապես առանց ընտրակեղծիքների կարող է ընտրվել և թոթափել կեղծիքներով ընտրվող ավոտարիտար ռեժիմի լուծը սեփական իշխանության ուսերից հատկապես Արևմուտքի առաջ։ Որպես հաղթանակի խորհրդանիշ՝ նա որոշել էր քվեարկել Ստեփանակերտի ընտրատեղամասում, իսկ ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ դատարկված Ստեփանակերտում քվեարկությանը մասնակցել էր 6000 հոգի։ 

Սակայն Ալիևի սպասելիքները չիրականացան․ աշխարհը չհիացավ նրա «հերոսական, արդար ու թափանցիկ» վերընտրությամբ ու կարելի է ասել՝ առանձնապես չողջունեց այն։ Ավելին, ԵԱՀԿ-ն Ադրբեջանի նախագահական ընտրություններում բազմաթիվ խախտումներ արձանագրեց՝  ընտրություններին ընդառաջ բազմակարծություն չկար, քննադատական ձայներն անընդհատ ճնշվում էին։ Ըստ ԵԱՀԿ-ի՝ միավորման և արտահայտվելու ազատության երկարաժամկետ սահմանափակումները ամրապնդվել են օրենսդրության վերջին փոփոխություններով, որոնք չեն համապատասխանում միջազգային ժողովրդավարական չափանիշներին։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը համաձայնեց նախագահական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ գնահատականի հետ Ադրբեջանի նախագահական ընտրությունների ժամանակ իրական մրցակցության բացակայության և սահմանափակ պայմանների վերաբերյալ։ Նաև Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց Ադրբեջանի նախագահական ընտրություններում արձանագրված լուրջ խախտումների մասին: Ինչպես ասված է Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ՝ դա անհանգստության առիթներ է ստեղծում:

Բացի դա, համաշխարհային կարևոր դերակատարներից ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները չեն շնորհավորել Ալիևին, ինչը լուրջ հարված է «ընտրություններ» շոուն բեմադրած Ալիևի համար։ Արևմտյան գործիչներից Ալիևին շնորհավորել է միայն Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ փոխարենը կորզելով բրյուսելյան հարթակ վերադառնալու խոստում։ «Մենք ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելի գործընթացի եռակողմ հանդիպումը՝ նպաստելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասին»,- գրել է Միշելը:  

Ալիևին նախագահ ընտրվելու կապակցությամբ շնորհավորել են հիիմնականում ավտորիտար համարվող երկրների ղեկավարները՝ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ջամալ Ռաշիդը, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը, Թուրքմենստանի ղեկավար Սերդար Բերդիմուհամեդովը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Շնորհավորանք է հղել անգամ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Որպես դրկից հարևան շնորհավորել է նաև Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Իրանի նախագահը հույս է հայտնել, որ նախագահության հաջորդ շրջանում երկու երկրների ղեկավարները ականատես կլինեն Իրանի Իսլամական Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունների և կապերի վերընթաց զարգացմանը։

Մեր ռազմավարական դաշնակից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ալիևը հեռախոսազանգով հաստատել են «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման շահագրգռվածությունը»։ 


Դավիթ Լևոնյան