Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2020-ին տարեց արցախցուն գլխատած ադրբեջանցին, որը հետախուզման մեջ էր ՀՀ-ի կողմից, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է

2020-ին տարեց արցախցուն գլխատած ադրբեջանցին, որը հետախուզման մեջ էր ՀՀ-ի կողմից, Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվել է
Տարածաշրջան
10:07, 21 февраль 2024
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ադրբեջանցի հայտնի ֆիթնես մարզիչ Քյամիլ Զեյնալլին: Նա սոցցանցերում հայտնել է, որ Հայաստանն իր նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել դեռևս անցած մայիսին․ վաղը նա կկանգնի ՌԴ դատարանի առջև:

Զեյնալլիի խոսքով՝ ոստիկանները հայտնել են, որ նա կարող է փոխանցվել Հայաստանին։ Ֆիթնես մարզչի խոսքով՝ նրան որոնում են անցած տարվա մայիսից:

Զեյնալլին հայտնել է, որ արդեն երրորդ անգամ է լինում ՌԴ-ում, բայց նրան նոր են այս գործով ձերբակալել, և խնդրել է Ադրբեջանի աջակցությունը։

Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի փոխանցմամբ՝ փետրվարի 20-ին տեղեկություն է տարածվել, որ Զեյնալիին, ով 2020 թվականին Արցախում հայ տարեց տղամարդու էր գլխատել, դա լուսանկարել և տարածել իր սոցցանցերում, բերման է ենթարկվել «Դոմոդեդովո» օդանավակայանում։

Կան նաև տվյալներ, որ վերջինս ներգրավված է եղել Մոսկվայում կազմակերպված հայ-ադրբեջանական բախումներում, դեռ 2020 թվականի հուլիսին։ Նա նշել էր, որ հրահանգը եկել է հենց Ալիևից։ «Եղբայրնե՛ր, հայի արյուն թափեք, ձեզ Ադրբեջան կուղարկեն ինչ էլ լինի։ Դուք կվերադառնաք որպես տղամարդ: Լսո՞ւմ ես, եղբայր, կան տղամարդ տղերք, որոնք հայի գլուխները կտրում են, մեր նախագահը մեզ հետ է»,- նշել է Զեյնալիին իր տարածած տեսանյութերից մեկում։