Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիայի ընդդիմությունը Արևմուտքի կողմնակից է. Որն է Էրդողանի պարտության թիվ մեկ պատճառը

«Էրդողանի կուսակցությունը առաջինը 2002 թվականին հաղթեց ՏԻՄ ընտրություններում, այնուհետև՝ պառլամենտական ընտրություններում։ Այսինքն՝ սա ռեալ հիմք է ստեղծում, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում Թուրքիայում ընդդիմությունը հաղթի»: Այս մասին ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում Էրդողանի կուսակցության պարտությանը Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում և այլ մեծ քաղաքներում։ 

Թե արդյոք սա կարո՞ղ է ազդել նաև Թուրքիայի արտաքին քաղաքականության վրա, մասնավորապես մեր տարածաշրջանում, Մինասյանը ասաց. «ՏԻՄ ընտրությունները արտաքին քաղաքականության հետ կապ չունեն, այսինքն՝ շարունակվելու է նույն քաղաքական գիծը, որը կա։ Բայց ընդդիմությունը ընտրարշավի ժամանակ ասում էր, որ եթե իրենք մեծ առավելությամբ հաղթեն, ապա առաջ կքաշեն արտահերթ ընտրությունների գաղափարը, և եթե ներքաղաքական զարգացումներ լինեն, ապա Էրդողանը դրանց վրա կկենտրոնանա, ու  արտաքին քաղաքականության հարցերում որոշակի սահմանափակումներ կլինեն»։

Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ հենց ամենամեծ քաղաքներում է Էրդողանը պարտվում, Մինասյանը ասաց, որ մեծ քաղաքներում մարդիկ աշխարհիկ Թուրքիայի կողմնակից են և դեպի Եվրոպա գնացող Թուրքիայի կողմնակից են. «Մարդիկ ուզում են այդ եվրոպական արժեքները պահպանել, որոնք որ ներմուծվել էին դեռևս Մուստաֆա Քեմալի կողմից, իսկ Էրդողանի կուսակցությունը իսլամամետ է, ու բարձրացնում են իսլամի դերը»։

Էրդողանի պարտության թիվ մեկ պատճառը սոցիալ-տնտեսական խնդիրներն են. «Բավականին ծանր իրավիճակ է այդ առումով, ու դժվար է ասել, թե որքան կշարունակվի այդ իրավիճակը, խնդիրները բավականին շատ են։ Թուրքիային անհրաժեշտ են խոշոր ներդրումներ, որը միայն կարող է ապահովել Արևմուտքը։ Էրդողանը ուղիներ է փնտրում Արևմուտքի հետ հարաբերությունները ջերմացնելու, ու շատ կարևոր կլինի մայիսի 9-ին նրա այցը Վաշինգտոն»։
 
Մանրամասները՝ տեսանյութում։
Դավիթ Լևոնյան