Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բողոքի ակցիաներ Թուրքիայում՝ ընդդեմ Վանում Էրդողանի կուսակցության պարտված թեկնածուին քաղաքապետ նշանակելու փորձերի. կա 89 ձերբակալված

Բողոքի ակցիաներ Թուրքիայում՝ ընդդեմ Վանում Էրդողանի կուսակցության պարտված թեկնածուին քաղաքապետ նշանակելու փորձերի. կա 89 ձերբակալված
Տարածաշրջան
12:34, 03 апрель 2024
Թուրքիայի ոստիկանությունը երկրի մի քանի արևելյան և հարավարևելյան նահանգներում ձերբակալել է 89 մարդու՝ ՏԻՄ ընտրություններից հետո չհամաձայնեցված բողոքի ցույցերին մասնակցելու համար։ «Ապրիլի 2-ին իրականացվել են չհամաձայնեցված ակցիաներ, որոնց ընթացքում մասնակիցները կարգախոսներ են բացականչել՝ ի պաշտպանություն անջատողական ահաբեկչական կազմակերպության, քարեր նետել անվտանգության մեր ուժերի ուղղությամբ և, չնայած նախազգուշացումներին, դիմադրություն են ցույց տվել ոստիկաններին։ 89 մարդ ձերբակալվել է»,- գրել է Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան X-ում՝ նշելով, որ ցույցեր և ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել արևելյան Վան, Հաքքարի, Սիիրթ, Բաթման, Շըրնաք նահանգներում, ինչպես նաև երկրի արևմտյան Իզմիրում։  

Ինչպես հաղորդվում է, երկրի հարավարևելյան քաղաքներում բողոքի ցույցերն աստիճանաբար վերածվել են անկարգությունների։ Պատճառն այն է, որ  բողոքի մասնակիցները ցանկացել են դեմ դուրս գալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փորձերին՝  Վանում քաղաքապետ նշանակել իրենց պարտված թեկնածուին:

Վերջինս ընտրություններում ստացել է գրեթե 2 անգամ ավելի քիչ ձայն, քան ընդդիմադիր թեկնածուն։ Քրդամետ DEM կուսակցությունն արդեն խոստացել է բողոքել «քաղաքական հեղաշրջման» դեմ։ Կառավարության որոշումը նույնիսկ քննադատության է ենթարկել իսլամիստ քրդամետ HUDA-ն, որը Էրդողանի կուսակցության դաշնակիցն է խորհրդարանական կոալիցիայում: