Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանն ու Թբիլիսին պետք է կարողանան գտնել բարդագույն միջավայրում համատեղ ռազմավարության հասնելու հնարավորությունը․ Արման Բաբաջանյանը՝ վարչապետի՝ Վրաստան այցի մասին

Երեւանն ու Թբիլիսին պետք է կարողանան գտնել  բարդագույն միջավայրում համատեղ ռազմավարության հասնելու հնարավորությունը․ Արման Բաբաջանյանը՝ վարչապետի՝ Վրաստան այցի մասին
Տարածաշրջան
10:57, 08 сентябрь 2021
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Այսօր մեկնարկում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան։ Հայաստանն ու Վրաստանը ռեգիոնալ երկու պետությունն են, որոնց համար սպառնալիք է Կովկասը ռուս-թուրքական տանդեմի գոտի թողնելը:
 
Հայաստան-Վրաստան հարաբերությունը մշտապես եղել է հակասական-հարաբերական, կան իրարամերժ աշխարհաքաղաքական վեկտորներ, դրանցից բխող փոխադարձաբար տարակուսելի վարք: Բայց, Երեւանն ու Թբիլիսին պետք է կարողանան գտնել  այդ բարդագույն միջավայրում համատեղ ռազմավարության հասնելու հնարավորությունը, որի միջոցով՝ կամ տանդեմով դառնան ռուս-թուրքական տակտիկական խաղի ու ռազմավարական մրցակցության հանդեպ ավելի դիմադրողունակ ու կենսունակ, կամ ռեգիոնում բազմազանեցնեն խաղը՝ հավելյալ խաղացողների ներգրավելով եւ բազմաբեվեռ բալանսի շնորհիվ ռիսկերը չեզոքացնելով:

Վրաստանը շատ ավելին է Հայաստանի համար, քան հարևան պետությունը։ Եվրատլանտյան դաշինքի անդամակցությանը ձգտող Վրաստանը չափազանց կարևոր առաքելություն է իրականացնում տարածաշրջանում անվտանգային ու ռազմական հավասարակշռության ապահովման գործում՝ հատկապես Հայաստանում ռուսական ռազմական ներկայության պարագայում։ 
Հայաստանը Վրաստանի կայունության և անվտանգության առաջնային շահառուներից մեկն է, քանի ռուս-վրացական լարվածության շահառուներ են իրենց հերթին մեր հակառակորդ երկրները՝ Թուրքիան ու Ադրբեջանը։ 

Հայաստանին մշտապես փորձելու են օգտագործել Վրաստանի դեմ տարբեր դավադիր սցենարներում։ Փորձելու են առաջին հերթին ռուսական շրջանակները։ 

Փորձելու են՝ խաղարկելով ինչպես Վրաստանում ազգայնական տրամադրությունների բորբոքումը, այնպես էլ Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքական իշխանությունը պետք է անընդհատ ռեժիմով աշխատի վրացի բարեկամների հետ՝ որևէ սադրանք բացառելու և իրապես բարեկամական երկրների բնորոշ հարաբերությունները պահպանելու համար։ 

Հայաստանի անվտանգության համակարգը անցնում է նաև Վրաստանով։ Հետևաբար Վրաստանի կայունությունն ու անվտանգությունը նաև մեր անվտանգության երաշխիքներից է։