Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանը պարզաբանել է Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը Թուրքիայի մասին

Թեհրանը պարզաբանել է Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը Թուրքիայի մասին
Տարածաշրջան
16:34, 02 март 2021
Իրանի ԱԳՆ-ի խոսնակ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ Թուրքիայի վերաբերյալ Իրաքում Իրանի դեսպանի հայտարարությունը սխալ է հասկացվել։

Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել էր թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, որ Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, գրում է ermenihaber-ը։

«Ե՛վ Իրանի, և՛ Թուրքիայի կառավարությունները համակարծիք են միջազգային հարաբերությունների հիմնական սկզբունք համարվող ինքնիշխանության պահպանման հարցում։ Երկու երկրները համակարծիք են նաև Իրաքի տարածքային ամբողջականության հարցում»,- նշել է խոսակը։

Ավելի վաղ թուրք-իրանական հարաբերություններում լարվածություն էր առաջացել։ Թեհրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսին կանչվել էր արտաքին գործերի նախարարություն։ Դեսպանին փոխանցվել էր Իրանի բողոքի նոտան` կապված Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի այն հայտարարության հետ, ըստ որի՝ Իրանում գտնվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) մի խումբ անդամներ:

Իրանի ԱԳՆ-ում անընդունելի էր համարվել Սոյլուի նմանատիպ հայտարարությունը և դատապարտվել այն։

Իր հերթին Անկարայում էլ Իրանի դեսպանն էր կանչվել Թուրքիայի ԱԳՆ՝ Իրաքի հյուսիսում Թուրքիայի բանակի հարձակումների վերաբերյալ արած հայտարարության պատճառով: Թուրքիայի ԱԳՆ-ում նրան հայտնել էին, թե Իրանի դեսպանը վերջին մարդն է, որը կարող է նման նման մեղադրանքներ հասցեագրել Անկարային։

Ճգնաժամն ավելի էր խորացել, երբ Իրաքում Իրանի դեսպան Իրաջ Մասջեդին դատապարտել է թուրքական բանակի ներխուժումն Իրաքի հյուսիսային շրջաններ և պնդել, թե Անկարան ոտնահարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը: