Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտին-Փաշինյան այսօրվա հանդիպումից արցախցիների ակնկալիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսումն է

Պուտին-Փաշինյան այսօրվա հանդիպումից արցախցիների ակնկալիքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսումն է
Տարածաշրջան
15:00, 12 октябрь 2021
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Մոսկվայում կկայանա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Ըստ Կրեմլի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվելու են Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ու հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը։ Ինչպես նաև՝ հանդիպման օրակարգում են տարածաշրջանում կայունության ամրապնդման և տնտեսական կապերի հաստատման հարցերը։ 

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների հերթական հանդիպմանը՝ նախ նշեց, որ  առաջնորդների մակարդակով ցանկացած հանդիպում դրական է համարում՝ դա կլինի ՀՀ և ՌԴ առաջնորդների, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների մակարդակով, թե արտգործնախարարների մակարդակով։ Սակայն Արցախի ԱԺ նախագահը մեծ ակնկալիքներ չունի հանդիպումներից, քանի դեռ Մինսկի խմբի բանակցություններն սկսված չեն․ «Բայց Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից զոհված Արցախի Մարտակերտի բնակչի մասով պետք է անպայման խոսեն։ Պետք է պատժվեն և՛ դիպուկահարը, և՛ հրաման տվողները։ Արցախի բնակչության եկամուտների մեծ մասը գյուղատնտեսությունն ու անասնապահությունն է, մեր հողերի մեծ մասը գտնվում են սահմանամերձ շրջաններում։ Եվ եթե նրանք չպատժվեն՝ դա վատ հետևանքներ կունենա»։

Հարցին, թե, իր կարծիքով, ինչո՞ւ հենց մոսկովյան հանդիպումից առաջ ադրբեջանական կողմը Մարտակերտի նռան այգում դիպուկահարի կրակոցով սպանեց արցախցի գյուղացուն, Արթուր Թովմասյանն արձագանքեց․ «Վերջերս Նյու-Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ են հանդիպել և պայմանավորվածություն են ձեռք բերել, որ համանախագահներն այցելեն Երևան-Բաքու և Ստեփանակերտ։ Եվ այդ պայմանավորվածությունների ֆոնին է Ադրբեջանի ձեռագիրն այդպիսին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը մինչև պատերազմը՝ 2020թ․աշնանը, գալիս էր տարածաշրջան՝ առաջնագծում այդպիսի դեպքեր էին կատարվում»։  

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո «3+3» ձևաչափից է շատ խոսվում Թուրքիայի կողմից, ինչպես նաև՝ օրերս Ռուսաստանի արտգործնախարարը կարևորեց այդ ձևաչափը։ Արցախի ԱԺ նախագահից հետաքրքրվեցինք՝ արդյոք ճի՞շտ է, որ Հայաստանն այդ ձևաչափում ներգրավվի։

«Ես դրական եմ համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատը, որին հավանություն են տվել և՛ Երևանը, և՛ պաշտոնական Բաքուն, և՛ Ստեփանակերտը։ Դա միակ մանդատն է, որտեղ պետք է որոշվի Արցախի կարգավիճակի, տեղահանվածների, օկուպացված տարածքների և մշակութային ցեղասպանության հարցը»,-պատասխանեց Արթուր Թովմասյանը։ 
 
Արցախի ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Վահրամ Բալայանն էլ մեզ հետ զրույցում, անդրադառնալով Փաշինյան-Պուտին սպասվող հանդիպմանը, ընդգծեց, որ Արցախի Հանրապետությունը ոչ միայն Հայաստանի հետաքրքրության շրջանակում է, այլ Ռուսաստանի Դաշնության․ «Հետևաբար Արցախի անվտանգային համակարգի վերաբերյալ քննարկումներ կընթանան և այն բաղադրիչները, որոնք գոյություն ունեն՝ ակնկալում ենք ավելի կենսունակ դարձնեն։ Ժամանակի ընթացքում Ասդրբեջանն անընդհատ ձգտելու է որոշակի լարվածություն ապահովել Արցախի շուրջը, ինչու ոչ՝ նաև Հայաստանի Հանրապետության, և այս պարագայում նոր մոտեցումներ են պետք, որպեսզի մենք կարողանանք դիմակայենք այն ամենին, ինչն առաջիկայում կարող է ունենանք»։

Պատգամավորից հետարքրվեցինք նաև՝ ինչպե՞ս է գնահատում ներկայումս Արցախի անվտանգության մակարդակը․ նոյեմբերի 10-ին կլրանա ռուս խաղաղապահների Արցախում տեղակայման մեկ տարին, իսկ օրերս Արցախի Մարտակերտի շրջանի բնակիչը զոհվեց Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից իր նռան այգում աշխատելիս։

«Խնդիրն այն է, որ Արցախի գրեթե բոլոր բնակավայրերը դարձել են սահմանամերձ և բնակչության անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր կան։ Առաջին հերթին մենք պետք է մեր ներքին ռեսուրսներն օգտագործենք՝ մեր բանակային համակարգը թարմացնենք, բարոյահոգեբանական մթնոլորտը վերականգնենք։ Մյուս կողմից էլ՝ մեր անվտանգության հիմնական երաշխավոր Ռուսաստանի հետ հարաբերությունները պետք է կատարելագործվեն և ժամանակի ընթացքում երկկողմանի դառնան, ես նկատի ունեմ՝ Արցախի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն»,-ասաց Վահրամ Բալայանը։ 

Պատգամավորը ևս Մարտակերտի բնակչի սպանությունը նռան այգում դիտավորություն է դիտարկում․ «Նպատակը երկուսն է՝ ժողովրդի շրջանում վախի մթնոլորտը ստեղծել, մյուս կողմից էլ՝ մարտահրավեր նետել է խաղաղապահ ուժերին, որ իրենք ինչպես կուզեն, այնպես էլ կվարվեն»։

Նարա Մարտիրոսյան