Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը ԼՂ և հարակից շրջաններ

ՀՀ վարչապետը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքը ԼՂ և հարակից շրջաններ
Տարածաշրջան
16:02, 23 ноябрь 2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսին:

Վարչապետը նշել է, որ սա ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի այսպիսի բարձր մակարդակով առաջին այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, և հույս հայտնել, որ այս այցը կնպաստի երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև մեր տարածաշրջանի ժողովուրդների միջև երկխոսությանը:

Բարձր ներկայացուցիչ Մորատինոսը ներկայացրել է Քաղաքակրթությունների դաշինքի գործունեության հիմնական ուղղությունները և կարևորել Հայաստանի դերն ու մասնակցությունը դաշինքի աշխատանքներին։
Նա հավելել է, որ Քաղաքակրթությունների դաշինքն իր մանդատի շրջանակներում պատրաստ է նպաստելու տարածաշրջանում հանդուրժողականության խթանմանը, միջկրոնական երկխոսությանը և կրոնական սրբավայրերի պաշտպանությանը։

Վարչապետ Փաշինյանը կարևորել է տարածաշրջանում երկխոսության ու հանդուրժողականության խթանմանը միտված քայլերը՝ միաժամանակ ընդգծելով միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:

Կառավարության ղեկավարը պարոն Մորատինոսի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ագրեսիայի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման ու խեղաթյուրման փաստերի, այդ թվում՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու և Դադիվանքի վանական համալիրի նկատմամբ ադրբեջանական կողմի գործողությունների վրա:

Վարչապետը կարևորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ ու հարակից շրջաններ՝ ընդգծելով այս հարցում ևս Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը:
Նիկոլ Փաշինյանն առանձնակի կարևորել է նաև Արցախում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի մարդասիրական առաքելության գործունեության անհրաժեշտությունը: