Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարմանալի կլիներ, որ բրյուսելյան այցին ընդառաջ Ռուսաստանը որևէ նախաձեռնությամբ հանդես չգար. Կրեմլն ամեն կերպ փորձում է քաղաքական գործընթացները իր ձեռքում պահել․ քաղաքագետ

Զարմանալի կլիներ, որ բրյուսելյան այցին ընդառաջ Ռուսաստանը որևէ նախաձեռնությամբ հանդես չգար. Կրեմլն ամեն կերպ փորձում է  քաղաքական գործընթացները իր ձեռքում պահել․ քաղաքագետ
Տարածաշրջան
18:05, 23 ноябрь 2021
«Զարմանալի կլիներ, որ բրյուսելյան այցին ընդառաջ Ռուսաստանը որևէ նախաձեռնությամբ հանդես չգար։ Ռուսաստանը միշտ էլ խանդով է վերաբերվել տարածաշրջանի երկրների նկատմամբ այլ քաղաքակրթական կենտրոնների հետաքրքրություններին ու նախաձեռնություններին։ Սա էլ բացառություն չէ»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։

Նշենք, որ այսօր հայտնի դարձավ, որ նոյեմբերի 26-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլը՝ հավելելով, որ բանակցությունները կանցնեն Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ։ «Նախատեսվում է քննարկել նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և խաղաղ կյանքի հաստատման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը նաև երկկողմ ձևաչափով հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները, Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ, կհանդիպեն դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում։   

Ուշագրավ է, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը երեկ լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ տարբեր ձևաչափերով տարբեր հանդիպումների առաջարկներ քննարկվում են, և երբ որևէ համաձայնություն ձեռք բերվի ժամկետների, տեղի և ֆորմատների մասով, ՀՀ ԱԳՆ-ն  նախօրոք խելամիտ ժամկետներում կտեղեկացնի։ Սակայն փաստացի ռուսական կողմն է այդ մասին տեղեկացնում։
Քաղաքագետի խոսքով՝ այն, որ Կրեմլը շտապում է մինչև Բրյուսելը հանդիպում կազմակերպել, մեկ բան է նշանակում, որ Կրեմլն ամեն կերպ փորձում է  քաղաքական գործընթացները իր ձեռքում պահել և թույլ չտալ, որ այդ գործընթացում լինեն զարգացումներ, որոնք չեն համապատասխանի այն տրամաբանությանը, ինչը համապատասխանում է Ռուսաստանի շահերին. «Հենց այդ պատճառով էլ ռուսական կողմը շտապեց հանդիպում նշանակել մինչև Բրյուսելը։ Ամենայն հավանականությամբ այս ու բրյուսելյան հանդիպումը սինխրոնիզացված կլինեն»,- ասաց Ղևոնդյանը՝ հավելելով, որ երկու հանդիպումների ժամանակ էլ որևէ շոշափելի արդյունք չի արձանագրվի։ Հանդիպումները ավելի շատ միտված կլինեն կողմերի մոտեցումների մերձեցմանը։ Այլ հարց է, թե դա ինչքանով կստացվի:

«Բայց լուրջ քայլեր, փաստաթղթերի  պատրաստում, ստորագրում, դրանց շուրջ համաձայնության ձեռք բերում չի սպասվում։ Այս հանդիպումը նման շուտափույթ կերպով կազմակերպելու պատճառը, շարժառիթը զուտ բրյուսելյան հանդիպումն էր։ ՀՀ շահերից ելնելով պետք է արձանագրել, որ որևէ խնդիր չկա։ Հանդիպումները Հայաստանի համար խնդիր չեն ստեղծում, քանի որ մոտ ժամանակներս թե Սոչիում, թե Բրյուսելում, թե այլ տեղ կայանալիք որևէ հանդիպման ժամանակ ճեղքում սպասելն անիմաստ է»,- եզրափակեց քաղաքագետը։ 

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի խոսքով էլ՝ պետք չէ, ռացիոնալ չէ Բրյուսելը դիտարկել որպես Մոսկվայի հակադիր գործընթաց։ «Հատուկ նշեմ, որ այս մասին խոսակցությունները չեն նշանակում կոնսենսուսային մոտեցումներ, բայց ակնառու է որոշակի համադրված աշխատանքը, որովհետև բոլոր կողմերն էլ հասկանում են՝ առնվազն ի վիճակի են իրար շատ խանգարել: Այս պարագայում հարց է ծագում՝ եթե Սոչիում հանդիպում են, ի՞նչ իմաստ է ունենալու Բրյուսելի հանդիպումը:

Իմ գնահատմամբ՝ այստեղ հենց իրար «չխանգարելու» իմաստն է: Ռուսները փորձում են եռակողմ ձևաչափի կենսունակություն ցույց տալ՝ միաժամանակ փորձելով դա փոխշահավետ տրամաբանության ծիրում կապիտալիզացնել համանախագահության ձևաչափում: Եթե իմ դիտարկումը մոտ է իրականությանը, այդ միջավայրը Հայաստանի համար եթե ամենալավն էլ չէ, ապա գոնե համեմատական դրականներից է կամ, ավելի ճիշտ կլինի ասել, աշխատանքային համեմատաբար լավ հնարավորություն ընձեռողներից է, որ կարող էր լինել հետպատերազմյան փուլում: Կարծում եմ՝ այդ ֆոնին պատահական չէ, որ Բաքուն ու Անկարան շտապում են ինչ-որ բան համոզել Թեհրանին: Իհարկե, առանձին հարց է, թե որքան ամուր կարող է լինել միջավայրային այդ հնարավոր տրամաբանության զարգացման հեռանկարը: Սա արդեն կախված է շատ գործոններից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետը։