Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս փորձագետը զարմանալի է համարում Հայաստանի՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցների շարքում լինելը

Ռուս փորձագետը զարմանալի է համարում Հայաստանի՝ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցների շարքում լինելը
Տարածաշրջան
15:17, 24 ноябрь 2021
Այսօր ռուս քաղաքական վերլուծաբան Վիտալի Արկովը ադրբեջանական APA գործակալության մոսկովյան բյուրոյին տված հարցազրույցում ասել է. «Զարմանալի է, որ Հայաստանը ԱՄՆ-ի կողմից հրավիրված «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» մասնակիցների ցուցակում է ընդգրկված»։ Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայաստանին հրավիրել էր ժողովրդավարության հարցերով գագաթնաժողովին, որին հրավիրված չեն ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, ոչ էլ Իրանը։ Հայաստանի հարևաններից հրավիրյալների շարքում է միայն Վրաստանը։ «Զարմանալի է, որ Հայաստանը, որտեղ Նիկոլ Փաշինյանը զավթեց իշխանությունը 2018 թվականի գարնանը, ժողովրդավարություն զարգացրած երկրների թվում է։ Փաշինյանի օրոք անցկացված բոլոր ընտրությունները ոչ մի քննադատության չեն դիմադրել, երկրում  նախկին նախագահների և այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների քրեական հետապնդումները թաքցրած չեն»,- ասել է ռուս փորձագետը։

Նա նաև անդրադարձել է Վրաստանին՝  նշելով, որ գագաթնաժողովին հրավիրված երկրները միանշանակ չեն հասկանա Վրաստանի ներկայիս ղեկավարության մասնակցությունը դրան՝ բանտում նախկին նախագահ Սաակաշվիլիի հացադուլ հայտարարելուց ելնելով. «Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում այն, որ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչները պահանջում են Սաակաշվիլիի ազատ արձակումը»։

Նա նշում է, որ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին» հրավիրված են այն երկրները, որոնք կիսում են «ԱՄՆ-ի ժողովրդավարական արժեքները»։ Սակայն դասական ժողովրդավարության կողմնակից երկրներն արժանի չեն համարվել հրավիրվելու գագաթնաժողովին։ Նշենք, որ «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովը»  տեղի կունենա դեկտեմբերի 9-10-ը։

Դրան կմասնակցեն մոտ 90 երկրների կառավարությունների, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի առաջնորդներ, ինչպես Սպիտակ տունն է նշել՝ ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերներին համատեղ ուժերով արձագանքելու համար։ Համաժողովի քննարկումների օրակարգում է լինելու երեք առանցքային հարց. ինչպե՞ս դիմակայել ավտորիտարիզմին, պայքարել կոռուպցիայի դեմ ու առաջ մղել հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։                                          

Սյուզի Սիրականյան