Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոխադարձ ըմբռնում կա Հորադիզից Երասխ երկաթգծի վերականգնման արդյունավետության հարցում. Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը՝ Սոչիում հանդիպման մասին

Փոխադարձ ըմբռնում կա Հորադիզից Երասխ երկաթգծի վերականգնման արդյունավետության հարցում. Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարը՝ Սոչիում հանդիպման մասին
Տարածաշրջան
18:09, 13 декабрь 2021
Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև տեղի ունեցած հանդիպման արդյունքում լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղիների և մայրուղիների կառուցման հարցը։ 

Այս և այլ հարցերի վերաբերյալ Civic.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի աշխատակազմ: Մեր հարցերին պատասխանել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը։

- Ձեռք բերվե՞լ է արդյոք Արաքս գետի երկայնքով երկաթուղիների և մայրուղիների կառուցման համաձայնություն, թե՞ ոչ, և եթե՝ այո, ապա Արաքսի երկայնքով նոր երկաթգի՞ծ է կառուցվելու։ 
 
- Այս պահին կարող ենք ասել, որ փոխադարձ ըմբռնում կա Հորադիզից Երասխ երկաթգծի վերականգնման արդյունավետության հարցում։ Ավտոմոբիլային ուղիների վերաբերյալ քննարկումները դեռ չեն ավարտվել։

- Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները պարբերաբար հայտարարում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, իսկ հայկական կողմը հայտնում է, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չեն քննարկվել ու չեն քննարկվելու, փոխվարչապետների արդեն տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Ադրբեջանը միջանցքի վերաբերյալ հարցեր բարձրացրե՞լ է, թե՞ ոչ։ 

- Կրկին հայտնում ենք, որ միջանցքային տրամաբանությամբ հարցեր չենք քննարկել ու չենք քննարկելու։ 

- Արդյոք գերիների և անհետ կորածների վերադարձի հարցը ներառվա՞ծ է հանձնաժողովի աշխատանքներում, և ի՞նչ է արվում այդ ուղղությամբ։ 
 

- Գերիների և անհետ կորածների վերադարձի հետ կապված հարցեր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող  եռակողմ աշխատանքային խմբի հարթակում չեն քննարկվել։

- Արդյոք Ռուսաստանի միջնորդությա՞մբ է հանվել հայկական կողմի նախապայմանը՝ մինչև ապաշրջափակումը գերիների վերադարձի վերաբերյալ։ 

- ՌԴ-ի կողմից որևէ նման միջնորդություն հայկական կողմին չի ներկայացվել։

- Արցախի կարգավիճակի կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հարցը որևէ կերպ քննարկվո՞ւմ է հանձնաժողովի աշխատանքում։   

- Արցախի կարգավիճակի կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ որևէ հարց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հարթակում չի քննարկվել։