Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան մտադիր է Վանը վերածել հայերի զբոսաշրջային կենտրոնի և թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջանների հետ

Թուրքիան մտադիր է Վանը վերածել հայերի զբոսաշրջային կենտրոնի և թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջանների հետ
Տարածաշրջան
14:23, 25 январь 2022
Անկարան նախատեսում է թռիչքներ բացել Հայաստանի տարբեր շրջաններ և ընդլայնել առևտրային հարաբերությունները Երևանի հետ, երեքշաբթի գրում է Hüriyyet թերթը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության փակ քննարկումներին։ Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից:

«Որպես առաջին քայլ որոշվել է բացել օդային կապերը Հայաստանի հետ, այնուհետև օրակարգում է դրվելու դեպի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել հայերի զբոսաշրջային կենտրոնի։ Միևնույն ժամանակ, Նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ՝ Կարսի մերձակայքում գտնվող կամուրջն ու շենքերը, որոնց հայերը մեծ նշանակություն են տալիս, հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առևտրային կապերը»,–գրում է թերթը։

Հիշեցնենք, որ Flyone Armenia ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին:

Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34 եվրոյից։ Փետրվար – Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.

Երևան (EVN) 18:00 – Ստամբուլ (IST) 19:50
Ստամբուլ (IST) 20:40 – Երևան (EVN) 23:50