Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ոստիկանության զորքեր

Վրաստանի ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և ոստիկանության զորքեր
Տարածաշրջան
19:40, 03 февраль 2022
Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 3-ին, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի և ոստիկանության կոլեգիայի անդամների ուղեկցությամբ, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին և հարգանքի տուրք մատուցեցին Մեծ եղեռնի զոհերի հիշատակին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։ Հյուրերը ծանոթացան թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

«Նույն օրը Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը եղավ ոստիկանության զորքերում։ Նրանց ներկայացվեցին ոստիկանության զորքերի զորամասերի սպառազինությունը, հատուկ միջոցները, զրահատեխնիկան, ծառայողական տրանսպորտային միջոցները և այլն։

Ոստիկանության զորքերի ծառայողները հասարակական կարգի պահպանման ցուցադրական ելույթներ ունեցան։

Հատուկ վաշտի ծառայողները ցուցադրեցին մարտարվեստի հնարքներ, ինչպես և ահաբեկչական խմբի վնասազերծման գործողություններ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Ոստիկանության զորքերի նվագախումբը հանդես եկավ ցուցադրական ելույթով։ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի ուղեկցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի գլխավորած պատվիրակությունը շրջել է նաև Հավերժության պուրակում, որտեղ տնկված են հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության զորքերի ծառայողների անվանական ծառեր։