Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալեն

Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկ ժողովրդի կյանքը վտանգի տակ է. ԵԽ պատգամավոր Պետեր վան Դալեն
Տարածաշրջան
17:14, 10 март 2022
Այդ մասին Եվրախորհրդարանում հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ, «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի  նախագծի համահեղինակ Պետեր վան Դալենը:

Նիդերլանդցի պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Ալիևը մտածում է միայն իր և իր ընտանիքի  բարեկեցության մասին՝ իրենց կարողությունը հասցնելով միլիարդավոր դոլարների, բայց միաժամանակ կոպտորեն ոտնահարելով մարդկանց իրավունքները Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում:

«Նրանց հարստությունը հասնում է միլիարդավոր դոլարների, և Ադրբեջանում տեղի է ունենում այն, ինչ սովորաբար անում են բոլոր բռնակալները՝ կոռուպցիա, քաղաքական հակառակորդների հետապնդումներ, մարդու իրավունքների խախտումներ: Բայց սա ամենը չէ, քանի որ Ադրբեջանը անհնարին է դարձնում Լեռնային Ղարաբաղի տեղաբնիկների կյանքը, անգամ այս շաբաթ հրետանային կրակոցներ են, անգամ այս շաբաթ փակվում է գազատարը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կյանքը վտանգի տակ է և այդ վտանգը օր-օրի ավելանում է», - հայտարարեց Եվրախորհրդարանի պատգամավորը:

 Պետեր վան Դալենը հիշեցրեց, որ մինչ օրս Արցախում շատ անհայտ կորածներ կան, որ այդպես էլ չեն հայտնվել կամ չեն վերադարձել:

«Մենք կարող ենք ասել, որ նախագահ Ալիևի օրոք Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը ոչնչացվում է, համակարգված ձևով ավերվում է. ոչնչացվում են եկեղեցիները, պատմական շինությունները, հուշարձանները, հրապարակները: Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը ոչնչացվում է ամբողջությամբ: Եվրախորհրդարանը միաձայն է՝ ըստ էության, բոլորս էլ համաձայնել ենք և մենք հստակորեն ասում ենք, որ մենք դատապարտում ենք Ադրբեջանի բռնությունը և մենք նաև դատապարտում ենք Բաքվի կառավարության հայատյացությունը», - ընդգծեց Պետեր վան Դալենը՝ նաև կոչ անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ին փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակի լրջությունը ստուգելու համար:

«Պարոն նախագահող, մենք աղոթում ենք փոփոխությունների համար, մենք աղոթում ենք ազնվության, արդարության համար և մենք պայքարում ենք այն ռեժիմների դեմ, որոնք կործանում են մարդկանց կյանքը», - հավելեց վան Դալենը: