Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում էլեկտրասյուների տեղակայումը հայկական կողմին վնաս չի տալիս, թույլ տալու կամ չտալու հարց չկա. Քաշաթաղի ղեկավարը հերքում է մամուլի հրապարակումները

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում էլեկտրասյուների տեղակայումը հայկական կողմին վնաս չի տալիս, թույլ տալու կամ չտալու հարց չկա. Քաշաթաղի ղեկավարը հերքում է մամուլի հրապարակումները
Տարածաշրջան
20:20, 17 май 2022
Ադրբեջանցիներն այսօր՝ մայիսի 17-ին, փորձում են Արցախի Աղավնո գյուղում էլեկտրասյուներ տեղադրել, հայկական կողմը թույլ չի տալիս։ Հոսանքն ուզում են տանել այն գյուղեր, որոնք պատերազմի ժամանակ գրավել են։ Այս տեղեկատվությունը հրապարակվել է լրատվամիջոցներով, և այն հերքելու համար  Civic.am-ի խմբագրություն էր զանգել Քաշաթաղի շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը։

«Էլեկտրասյուների տեղադրման, տեղակայման վայրի և կատարվելիք աշխատանքների վերաբերյալ ձեռք է բերվել երկկողմանի շահավետ որոշում։  Հայկական կողմից թույլ տալու կամ թույլ չտալու, կամ ադրբեջանական կողմի պնդելու հարց չի եղել։ Եղել է օբյեկտիվ քննարկում և տրամաբանական որոշում, որը ձեռնտու է և հայկական, և ադրբեջանական կողմին»,- ասաց Քաշաթաղի շրջանի ղեկավարը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը էլեկտրասյուները տեղակայելու է Լաչինի միջանցքի հատվածում, և աշխատանքները կսկսվեն վաղվանից. «Այդ աշխատանքները միտված են ադրբեջանական կողմի ենթակառուցվածքներն ապահովելուն և որևէ վնաս չեն տալիս հայկական կողմին։ Էլեկտրասյուները տեղակայվելու են Լաչինի միջանցքի հատվածում, որտեղ հայկական բնակավայրեր են, բայց բնակչության անվտանգությունն ապահովված է»։

Քաշաթաղի շրջանի ղեկավարի խոսքով՝ Քարվաճառի կողմում ադրբեջանական կողմը հիմնական էներգիա չի ունեցել, այդ իսկ պատճառով էլ աշխատանքներ է սկսում։

«Ադրբեջանական անվանումներով եթե ասեմ՝ Կուբաթլու, Զանգելան և Լաչինի շրջանները՝ դա հայկական վարչատարածքայինով ամբողջ Քաշաթաղի շրջանն է։ Հիմա Լաչինի շրջանը, որը գտնվում է Քաշաթաղի շրջանում, նոյեմբերի 9-ի հայտարարությամբ գրված է, որ անցնում է Ադրբեջանին։ Հիմա բոլոր պահպանված հայկական բնակավայերը, այդ թվում՝ Աղավնոն, Բերձորը, Սուսը,  գտնվում են Լաչինի միջանցքի տարածքում, այսինքն՝ ռուսական վերահսկողության ներքո»,- հավելեց նա։  

Նարա Մարտիրոսյան