Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամկետային զինծառայողները հնարավորինս կհանվեն առաջնագծից, Արցախ էլ չեն մեկնի․ ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ

«Տարկետումը պրծավ նոր տանում են բանակ, մեկ տարի տարեկետում էր»,-ամառվա հերթական զորակոչն է, զորակոչիկների տրամադրությունը լավ է, բայց շատ կկարոտեն ընտանիքի անդամներին, գրեթե բոլորն այդ տողերն են ասում, իսկ պարտադիր ժամկետային ծառայությունից հետո կշարունակեն ուսումը, կամ էլ միանգամից կաշխատեն։ 

Պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայանում զորակոչիկները մասնակցեցին վիճակահանությանը՝ ըստ որի որոշվում է թե Հայաստանի որ զորամասում են ընդգրկվելու։ Վիճակահանությունը հեռարձակվում է տարածքային ստորաբաժանումներ, որտեղ գտնվող զորակոչիկների ծնողները հետևում են արդյունքներին։

Գնդապետ Սահակ Սահակյանը ներկայացնում է վիճակահանության թմբուկները։ Թմբուկների շարքը բավական երկար է Հայաստանի զորամասերն են, իսկ Արցախը բացակայում է։ Գնդապետը ընդգծում է՝ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից որոշում է կայացվել Արցախում ծառայություն կիրականացնեն միայն պայմանագրային զինծառայողները։

ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյան․ «Վերջին զորակոչը 2020թ․ ամռան ժամկետային զորակոչը հուլիսի 1-ից կզորացրվի մինչև օգոստոսի 30-ը, և այլևս Արցախում չենք ունենա ժամկետային զինծառայողներ»։

Արցախի համար մշակված է ծառայության գրավչության բարձրացման փաթեթ։ Գնդապետի խոսքով՝ հիմնականում Արցախի ռեսուրսից՝ պայմանագրային զինծառայողներով է համալրվում Արցախի պաշտպանության բանակի թափուր հաստիքները։ Իսկ նպատակը ժամկետային զինծառայողներին առաջնագծից հանելն է։ Սահակ Սահակյանը նշում է՝ այդպիսի փորձ ունենք նաև Հայաստանում՝ երրորդ բանակային կորպուսում զինծառայության մեջ գտնվող ժամկետայինների 90 տոկոսը չեն ընդգրկվում առաջնագծի մարտական հերթապահությանը։ Պայմանագրային զինծառայողների թվաքանակից կապված մնացած զորամիավորումներում ևս կգնան այդ քայլին։ 

ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյան․ «ՊՆ ԶՈՒ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին հնարավորինս հանենք առաջնագծից։ Հնարավորության սահմաններում մնացած բոլոր զորամիավորումներում գնալու ենք դրան։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ»։ 

«Պաշտպանության նախարարի կողմից այս զորակոչից սկսած նոր կարգ է սահմանվել՝ բոլոր զորակոչիկները վիճակահանվում են գնում զորամասեր և նշանակվում են ծառայության՝ հրաձգային ուսումնական գումարտակներում»,-ասում է Սահակ Սահակյանը և նշում, որ գումարտակներում գտնվելու են մոտավորապես 5 ամիս մինչև ուսումնական փուլի ավարտը։ Իսկ դրանից հետո կտեղափոխվեն իրենց հիմնական զորամասեր, որտեղ էլ կորոշվի կընդգրկվեն մարտական հերթապահության, թե ոչ։

ՀՀ ԶՈւ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյան․ «Պաշտպանության նախարարի միակ նպատակն այն է եղել, որ զինվորները ոչ լրիվությամբ պատրաստություն չանցած մարտական հերթապահության չընդգրկվեն։ Այսինքն նրանք կարող են մարտական հերթապահության ընդգրկվեն զորակոչի օրվանից սկսած 5-6 ամիս հետո»։ 

Այս տարի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13-ից։ Նախքան վիճակահանության մասնակցելը զորակոչիկներն անցնում են բժշկական հետազոտություն։ «Հանրապետական հավաքակայանում ամբողջ զորակոչի ընթացքում աշխատում է նաև բժշկական հանձնաժողով»,-րագրողներին տեղեկացնում է բժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանը։

Բժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյան․ «Այստեղ իրականացնում ենք ֆլուրոգրաֆիկ հետազոտություն բոլոր զորակոչիկներին՝ սուր պաթոլոգիաները հայտնաբերելու համար։ Հաջորդիվ իրականացվում է բժշկական զննություն՝ ջերմաչափում, մարմնազննություն՝ բերանի խոռոչ, ատամներ և այլն։ Ակնհայտ պաթոլոգիաներ հայտնաբերելու դեպքում համեմատում ենք անձնական գործում առկա հետազոտության տվյալներին, որը հիմնականում համապատասխանում է և նայվում է նաև իրենց համապատասխանությունը իրենց վրա դրված առողջական հոդվածներին»։ 

Բժշկական հանձնաժողովն ուսումնասիրում է նաև կատարված պատվաստումները։ «Երիտասարդները նախքան զորակոչվելը տարածքային պոլիկլինիկաներում 6 պատվաստում են ստանում՝ 9-ը ինֆեկցիաների դեմ, եթե լինում են զորակոչիկներ, որոնք ստացած չեն լինում պատվաստումները, ծառայության ընթացքում են պատվաստվում»,-վստահեցնում է Դանիել Մկրտչյանը։
Զորակոչիկի առողջական վիճակից, ստացած գիտելիքից, բնակավայրից կախված վիճակահանություն է կատարվում։

Առողջական որոշ խնդիրներ ունեցողների համար «ծառայության հեշտացված օրվա կարգացուցակ» անվանումով վիճակահանության թմբում կա։ Թմբուկների անվանացանկը համալրում են սահմանապահ զորքերը, հատուկ նշանակության զորքերը, ուսումնական տեխնիկական զորամասերը, հումանիտար ուղղվածության զորամասերը, Դոսաֆն ավարտած վարորդները։ Իսկ թե ինչու է է Ռուսաստանի դաշնության սահմանապահ զորքերի համար առանձին վիճակահանության թմբուկ դրված՝ գնդապետ Սահակյանը հիշատակում է՝ 1994թ․ կա միջպետական պայմանագիր, ըստ որի Հայաստանը Ռուսաստանի սահամանպահ զորքերին որոշակի քանակության զինծառայողներ է տալիս, որոնք էլ ընգրկվում են պետական սահմանի պահպանությանը։

Զորակոչիկի ծնող․ «Խուսափում եմ, որ պատերազմ չլինի, այսքան իրավիճակներից հետո գոնե այս անգամ բարեհաջող լինի իրենց ծառայությունը, բոլոր զինվորները թող լավ ծառայեն, վերադառնան, խաղաղություն լինի»։ 

Նարա Մարտիրոսյան

Մանրամասն՝ տեսանյութում