Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՏԿԵ նախարարը Սյունիքում է. Կապան-Ճակատեն և Տաթև-Աղվանի ճանապարհների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ

ՏԿԵ նախարարը Սյունիքում է. Կապան-Ճակատեն և Տաթև-Աղվանի ճանապարհների շինարարությունը կավարտվի մինչև տարեվերջ
Տարածաշրջան
17:21, 30 июнь 2022
Սյունիքի մարզում ճանապարհաշինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր՝ հունիսի 30-ին, Կառավարության նիստից հետո մեկնել է Սյունիքի մարզ։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանն ու հավելեց. «Նախարարը ծանոթանալու է Տաթև-Լծեն, Տաթև-Աղվանի, Խոտանան ճանապարհահատվածների և Սյունիքում իրականացվող այլ աշխատանքներին»։ 

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից էլ նշեցին, որ Տաթև-Աղվանի և Կապան-Ճակատեն ավտոճանապարհներին այժմ շինարարական աշխատանքներ են ընթանում. «Աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2022թ. վերջ։

Կառուցվում են Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից)-Բարձրավան, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհները։ Սյունիքի մարզում կատարվում են նաև այլընտրանքային այլ ճանապարհների կառուցման և վերակառուցման աշխատանքներ»,- ընդգծել են հիմնադրամից։

Հիշեցնենք, որ 2021թ. աշնանից Ադրբեջանը Գորիս-Կապան, Գորիս-Ճակատեն ճանապարհների՝ իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում անցակետեր է տեղակայել՝ սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով։ 

Իրանից Հայաստան եկող և Հայաստանից Իրան գնացող բեռնատարները տևական ժամանակ է՝ օգտվում են Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհից՝ շրջանցելով Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածը, որտեղ տեղակայված են ադրբեջանական անցակետերը, սակայն կցորդիչով բեռնատարների վարորդները դժգոհում էին ճանապարհի նեղ ոլորաններից։  

Գնել Սանոսյանը դեռևս գարնանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի համարվող Տաթև-Աղվանի ճանապարհի ոլորանների խնդիրը կվերանա, երբ Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհը կառուցեն ու ավարտեն, ինչպես նաև Տաթև-Լծեն ճանապարհը, որոնք ևս նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարեվերջ։ 

Նարա Մարտիրոսյան