Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում զբոսաշրջություն ապահովելը կնշանակի, որ այնտեղ անվտանգ է, իսկ դա էլ կնշանակի, որ խաղաղապահ առաքելությունն իր գործն անում է շատ լավ. Մեխակ Ապրեսյան

Արցախում զբոսաշրջություն ապահովելը կնշանակի, որ այնտեղ անվտանգ է, իսկ դա էլ կնշանակի, որ խաղաղապահ առաքելությունն իր գործն անում է շատ լավ. Մեխակ Ապրեսյան
Տարածաշրջան
18:14, 22 июль 2022
Հայաստանում ռուսական ռուբլին կայուն վիճակում է, ինչը չենք կարող ասել դոլարի ու եվրոյի համար։ Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ այն օտարերկրացիները, որոնք գալիս են այն երկրներից, որոնց ազգային արժույթը դոլարը կամ եվրոն են՝ իրենց համար բացասական ազդեցություն ունի դրամի արժևորումը։ 

 «Հայաստանում արդեն բոլոր ապրանքների վրա որոշակի գնաճ տեղի ունեցել է ՝ միջինում 4-5 տոկոս, գումարած դրան դոլարի ու եվրոյի արժեզրկումն ավելի քան 20 տոկոսով, սա բերում է նրան, որ զբոսաշրջային տարբեր ծառայություններ առնվազն 30 տոկոսով՝ դոլարով ու եվրոյով թանկացել են։ Ըստ էության, դա խոչընդոտ է հանդիսանում դոլարով ու եվրոյով վճարող այցելուների համար։»,-նշեց նա։ 

Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այսօր Հայաստանում օտարերկրացիները մեկ այցելության ժամանակ միջինում ՝ օրինակ մոտ 1 շաբաթում ծախսում են մոտ 1200 դոլար՝ չհաշված ավիատոմսի արժեքը։ 

«Կազմակերպված զբոսաշրջության առումով Հայաստանը դեռ չի մտել կայուն վերականգնման փուլ՝ կորոնավիրուսից ու պատերազմից հետո։ Հայաստան եկողները հիմնականում անհատական զբոսաշրջիկներ են, իսկ կազմակերպված զբոսաշրջիկներն օպերատորի միջոցով, խմբերով, որ գալիս են՝ դեռ բավական պասիվ է նախորդ տարիների համեմատ»,-ասաց մեր զրուցակիցն ու ընդգծեց, որ  այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալներով նախորդ տարվա համեմատ զգալի աճ ունենք ներգնա տուրիզմի ոլորտում, սակայն դեռ հեռու ենք 2019թ․-ի առաջին եռամսյակի ցուցանիշից՝ այսինքն կորոնավիրուսից առաջ եղած ցուցանիշից․ «Այս տարվա եռամսյակում 249 հազարից ավելի ներգնա զբոսաշրջային այցելություն ենք ունեցել, որում զգալի թիվ են կազմում Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից ժամանածները։  

Սա բնականաբար պայմանավորված էր ուկրաինական ճգնաժամով։ Այս թիվը 2,9 անգամ ավելին է քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը, բայց զգալիորեն պակաս է 2019թ․-ի, նույնիսկ 2020թ․ առաջին եռամսյակի ցուցանիշից՝ նախքան կորոնավիրուսային սահմանափակումները։ 2020թ․ ընթացքում Հայաստան այցելությունները կազմել են 306000-307000»։ 

Մեխակ Ապրեսյանը հիշատակեց, որ նախքան 44-օրյա արցախյան պատերազմը օտարերկրացի զբոսաշրջիկները՝ բացի Հայաստան գալը նաև այցելում էին Արցախ, իսկ այսօր զգալիորեն նվազել են Արցախ այցելությունները նաև հայաստանցիների կողմից․ «Իսկ օտարերկրացիների համար բավական բարդ է հիմա Արցախ այցելելը՝ բացառությամբ Ռուսաստանի քաղաքացիների։ Օտարերկրացիների համար բարդ ընթացակարգեր են գործում Արցախ այցելելու համար։ Վերջերս տուրիզմի հայկական ֆեդերացիան այցելեց Արցախ, որպեսզի հնարավորությունները վերանայենք նաև Արցախի իշխանությունների հետ միջոցառումներ ձեռնարկենք զբոսաշրջային այցելություններն Արցախում ակտիվացնելու համար»։ 

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը մեջբերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և միջազգային հանրության հայտարարությունները՝ ըստ որի Արցախում կան հումանիտար խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ հումանիտար խնդիրների ամենարդյունավետ լուծման միջոցը՝ ռուս խաղաղապահների կողմից դեպի Արցախ անխափան, կանխատեսելի զբոսաշրջության ապահովումն է բոլոր երկրների քաղաքացիների համար․ «Ռուս խաղաղապահների կողմից Արցախում զբոսաշրջություն ապահովելը կնշանակի, որ այնտեղ անվտանգ է, իսկ դա էլ կնշանակի, որ խաղաղապահ առաքելությունն իր գործն անում է շատ լավ»,- հավելեց նա։ 
 
Նարա Մարտիրոսյան